Հատված ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հարցազրույցից:
– ՏՄՊՊՀ-ն ե՞րբ է մտադիր անդրադառնալու ալկոհոլային խմիչքների և կոսմետիկ պիտույքների շուկաներին, քանի որ այդ ոլորտներում ևս քիչ չեն խախտումներն ու «թոզփչոցին» սպառողի աչքերին։ Դրանց պատճառով առկա են նաև բնակչության առողջությանը հասցված վնասներ։
– Օրենքով հանձնաժողովին տրված լիազորությունների շրջանակում ՏՄՊՊՀ-ն իրավասու է ուսումնասիրություններ իրականացնելու միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող, այլ կերպ ասած՝ խոշոր տնտեսավարողներ։ Ձեր նշած կոսմետիկ պիտույքների շուկայի վերահսկողությունը դուրս է հանձնաժողովի լիազորությունների շրջանակից։ Այս ոլորտը կարգավորում է մեկ այլ պետական կառույց։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա տեղեկացնեմ, որ այս ոլորտում տարվա ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ՝ շուկայի կենտրոնացվածության աստիճանի, ինչպես նաև որոշակի մրցակցային խնդիրների վերհանման նպատակով։ Բայց քանի որ Ձեր բարձրացրած հարցը դարձյալ վերաբերում է խմիչքի որակին և, ինչպես Դուք եք նշում, բնակչության առողջության հետ կապված խնդիրներին, ապա պետք է կրկնեմ, որ հանձնաժողովը որակի վերաբերյալ ստուգում կատարել եւ գնահատական տալ չի կարող, մենք նման իրավասություններով օժտված չենք։
Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ Ամանորին ընդառաջ հանձնաժողովը խոշոր ապրանքային շուկաներում խիստ վերահսկողություն է իրականացնում, եթե նախորդ ամիսներին դիտանցումներ և գնային մոնիթորինգ իրականացվել է շաբաթը երեք անգամ, ապա դեկտեմբերին այն իրականացվում է ամեն օր՝ խոշոր ապրանքային շուկաներն առավել վերահսկելի դարձնելու եւ սպառողներին անհիմն գնային բարձրացումներից զերծ պահելու նպատակով:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Իրատես de faсto»