ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը մասնակցում էր այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ էթիկայի հանձնաժողովի կազմավորման մասին քննարկմանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս հաջողվեց համոզել ԲՀԿ-ին, որ ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի գան, քանի որ երեկ նրանք դեմ էին այդ փոփոխությանը՝ նա պատասխանեց. «Որեւէ մեկին դեռ չենք համոզել, քննարկումները շարունակվում են: Մի քանի տարբերակ է առաջարկվել եւ ԱԺ նախագահի կողմից, ե՛ւ իմ կողմից, ե՛ւ տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների կողմից, հիմա ընդդիմության ներկայացուցիչների հետ էլ կքննարկենք, թերեւս փոխզիջումային տարբերակին կհանգենք: Խնդիրը հարցի քաղաքականացումը չի, պարզապես խնդիրն այն է, որ դնենք մեխանիզմ, որպեսզի գայթակղություն չլինի քաղաքականացնել էթիկայի հանձնաժողովը: Ընդամենը այդքանը»:
Մեր դիտարկմանը, որ Դուք էլ խոստովանեցիք, որ այս հարցի քննարկումը սկսվեց Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Հարությունյանի միջադեպից հետո, ինչքանո՞վ է ճիշտ, որ անձնական խնդիրների պատճառով նման հարց են մտցրել օրակարգ՝ նա պատասխանեց, որ զերծ կմնա դրա մեկնաբանությունից. «Բայց մի բան հաստատ կասեմ՝ ինչպիսի մեկնաբանություն եւ ինչպիսի ենթատեքստ էլ դրան տան, մի բան ակնհայտ է՝ փորձ արվեց ուղղակի քաղաքական տարրեր մտցնել էթիկայի հանձնաժողովում»:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի, Էթիկայի հանձնաժողովը նոր է ձեւավորվել եւ ամեն անգամ նորմալ է իրավիճակից ելնելով՝ փոփոխություններ կատարել:
Կարդացեք նաև
Մենք փորձեցինք հստակեցնել՝ այնուամենայնիվ, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի տրամադրությունների փոփոխություն կա՞՝ նա պատասխանեց, որ այո. «Մեր այն նպատակը, որը դրել ենք, քաղաքականացումը բացառելն է, իսկ դրան հասնելու ուղիները բազմաթիվ են: Այսինքն, իրավաբանությունը մեզ թույլ է տալիս հնարավորություններ նախատեսել: Հիմա տեսնենք որ տարբերակի վրա կկանգնենք»:
Մեր հարցին՝ իսկ ՀԱԿ-ը դիրքորոշումը փոխե՞լ է՝ նա պատասխանեց, որ ՀԱԿ-ի տրամադրություններին տեղյակ չէ, քանի որ ՀԱԿ-ից ոչ ոք չի մասնակցել քննարկմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ