Դեկտեմբերի 11-ի համարում անդրադարձել էինք Ազգային ժողովի միակ հաշմանդամություն ունեցող աշխատակցի՝ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանի խնդրին։ Հիշեցնենք, որ Արման Մուշեղյանի համար, հատկապես անձրեւոտ եւ ձմռան ցուրտ օրերին, դժվար էր սայլակով ԱԺ տարածք մուտք գործել։ Չկարողանալով տարածքը եւ շենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար լիովին մատչելի դարձնել, ԱԺ աշխատակազմը Մուշեղյանին թույլատրել էր տարածք մտնել Դեմիրճյան փողոցի մուտքով, որը, սակայն, հիմնականում ծանրաբեռնված է լինում պատգամավորների մեքենաներով։ Մուշեղյանի գրավոր դիմումը՝ թույլատրել մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք, բանավոր կարգով մերժվել էր՝ հիմնավորվելով անվտանգության հետ կապված հարցերով։ Հենաշարժողական խնդիր ունեցող Արման Մուշեղյանի համար լրացուցիչ բարդություն էր սայլակով անվտանգ հասնել ԱԺ թեքահարթակին, երբ ճանապարհը սառցակալում է։ Երեկվանից Արման Մուշեղյանը հնարավորություն է ստացել տարածք մուտք գործել իր անձնական մեքենայով, միանգամից մոտենալով շենքի ետնամուտքի թեքահարթակին։ Մեր ունեցած տեղեկություններով, ԱԺ աշխատակազմը վերանայել է նաեւ մնացած այն «արտոնյալ» պատգամավորների՝ մեքենաներով ելումուտը տարածք, որոնք դրա իրավունքը կանոնակարգով չունեին, բայց դա անում էին առանց որեւէ պրոբլեմի։
«Հայկական ժամանակ»