Նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթը` արտասանված ՀՀԿ 14-րդ համագումարին, չհասցրեց թողնել սպասված էֆեկտը: Դեռ չէինք հասցրել ընկալել «Արդարությունը հիմնվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարների վրա` դրանից բխող բոլոր հետևանքներով» միտքը, երբ ելույթին և դրան հաջորդած բուռն ծափերին խլացնելու եկավ «դրանից բխող հետևանքը»:
Հրապարակ իջեցվեց հայտնի ձայնագրությունը` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնալսումը:
Սերժ Սարգսյանի ելույթը չքննարկվեց, մեծ արձագանք չգտավ, քանի որ զգացողություն կար, որ այն ինչ-որ ժամանակ արդեն լսել ես: Նույնիսկ` մի քանի անգամ: Եվ հետո, պաթոսը, բառ-նախադասությունների ժամանակաշրջանը Մայակովսկուց և Չարենցից հետո այլևս անաքրոնիկ է:
«Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանն այլընտրանք չկա»: «Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման ևայլ անհարգալից մոտեցումները»:
«Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարևոր բաղադրիչն են»: «Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»: Նախագահի ելույթում ճշմարտությունը քիչ էր, չափազանց քիչ: Հետևաբար` հետաքրքրությունը ելույթի հանդեպ միայն սպորտային էր: Իսկ գաղտնազերծված հայտնի զրույցն այսքան ուշադրության ևքննարկումների արժանացավ մի պատճառով. քաղաքական գործիչներն իրենց մասնավոր զրույցում ճշմարտություններ էին փոխանակում: Այն, ինչի պակասը, ավելի ստույգ` կարոտն ունեն մարդիկ:
Կարդացեք նաև
Հոգեբանական ճնշման մի ձևն է` «զզվելի» համարել բոլոր նրանց արարքը, ովքեր «իրենց թույլ են տալիս» մեկնաբանել այդ մասնավոր զրույցը կամ ինչ-որ ձևով անդրադառնալ դրան: Նման մոտեցումը ևս վերաբերմունք է: Ընդ որում` ոչ ամենաազնիվը: Մարդկանց պիտակավորելը և նրանց դաստիարակությունը կասկածի տակ դնելը միայն այն պատճառով, որ ցանկանում են հասկանալ` ի՞նչ է, ի վերջո, տեղի ունենում, արդար չէ:
Եթե քաղաքական այս գործիչների զրույցի թեման լինեին մեր զինված ուժերի ձեռք բերած գաղտնի հրթիռները կամ նրանց ընտանեկան, ինտիմ կյանքին վերաբերող խնդիր, ևորևէ մեկն այն փորձեր հրապարակայնացնել, անմիջապես կդատապարտվեր և բոյկոտի կարժանանար: Այո, գաղտնալսվել է մարդկանց մանավոր զրույցը: Խախտվել են քաղաքական վերոնշյալ գործիչների` մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, հիմնարար ազատությունները, անհատի ազատությունը:
ԱԱԾ-ից ակնկալել նրբանկատ, բարեկիրթ մոտեցում մարդկանց իրավունքների և ազատությունների հանդեպ, նաիվ է. այս ոլորտի աշխատակիցները, աշխատանքի բերումով, իրենց վատ չեն զգում աշխատել անգամ ամենաէքստրեմալ պայմաններում: Անգամ, ինչպես ասում են, մոմ բռնել: Սակայն, երբ զրույցի թեման մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու արդյունավետությունն է, ընդ որում, խոսքը մեզնից յուրաքանչյուրի մասին է, լրիվ ադեկվատ ցանկություն է` իմանալ` քեզ ի՞նչ դեր է վերապահված այդ խաղում: Առավել ևս, որ քաղաքական այդ գործիչները նեղություն չեն կրում հրապարակայնորեն ասել այդ մասին:
Նույն հետաքրքրությունը կլիներ, եթե, դիցուք, հրապարակ բերվեր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցը, որից հետո, ինչպես ենթադրվում է, պարոն Ծառուկյանը չառաջադրվեց: Ենթադրվում է, որովհետև նրա չառաջադրվելու պատճառներն այդպես էլ գաղտնի մնացին: Հիմա` մարդկանց ցանկությունը` իմանալ ճշմարտությունը, անհասկանալի՞, անբնակա՞ն ցանկություն է: Ո՛չ: Այդ դեպքում ինչպե՞ս նրանք կարող են իմանալ ճշմարտությունը: Եթե մարդիկ անառողջ հետաքրքրություն են ցուցաբերում գաղտնի զրույցների հանդեպ, միայն այն հիմնավորմամբ, որ իրենց անձնական ազատություններին և իրավունքներին վերաբերող ճշմարտությունը խնամքով թաքցնում են:
Սրամիտ հարևան ունենք` քիմիկոս Ասատուր Փաշայանը: Երբ նրա դստեր հետ ցածրաձայն զրուցում էինք, խնդրում էր, որ բարձր, բոլորին լսելի խոսենք. «Երբ ցածր ձայնով եք խոսում, մարդիկ լարվում են, որ լսեն: Բարձր խոսեք, ևոչ ոք ձեր զրույցին ուշադրություն անգամ չի դարձնի»: Նույնը կարելի է ասել մեր քաղաքական գործիչների մասին:
Մտահոգությունն այս առթիվ հասկանալի է: Մարտի մեկից հետո հրապարակում հայտնվեց Ալեքսանդր Արզումանյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հեռախոսազրույցը, սակայն նման աղմուկ չբարձրացավ: Քանի որ այն, ինչ Ալեքսանդր Արզումանյանն ասել էր հեռախոսով, նույնը կրկնում էր բացահայտ: Այսինքն` նրա խոսքերի ևգործողությունների միջևհակասություն չկար:
Եվ զրույցը մոռացվեց նույնքան արագ, որքան արագ հայտնվել էր հրապարակում: Ժամանակին, երբ աշխարհը ողողեցին վիկիլիքսյան գաղտնազերծումները, Հայաստանում ևս դրանք հրապարակվեցին այնքանով, որքանով առնչվում էին մեր երկրին, մեր իշխանավորներին: Եթե չեմ սխալվում, ՀԱԿ հանրահավաքների ժամանակ դիվանագետների գաղտնազերծված անձնական գրագրությունը ցիտվում էր: «Եվ վերջ»,- ինչպես ասում է երկրի առաջնորդը:
Սակայն այս դեպքում ամեն ինչ սկսեց բարոյականության շուրջ պտտվել, քանի որ հրապարակային գործիչները նույն այդ լրատվամիջոցներին, հանրահավաքներին ասում են մեկ բան, իսկ իրականում` այլ բան: Դա է պատճառը, որ մեր քաղաքական կյանքում բարոյականության և անբարոյականության սահմանը չի նշմարվում: Այո, արդար չէ հրապարակել քաղաքական երկու ուժերի անդամների մասնավոր զրույցը, երբ նույնքան հետաքրքրություն են ներկայացնում նաև հանրապետության առաջին դեմքերի մասնավոր զրույցները:
Եվ այս դեպքում պետք չէ ձևացնել, թե այս զրույցը լսողների բարոյական նկարագիրը կասկածելի է:
Ինչպես քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էր մեր թերթին տված իր հետաքրքիր հարցազրույցում նկատել` լոմի դեմ կա մեկ միջոց` լոմը:
«168 ԺԱՄ»