Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ կոնկրետ բանը, որ այդ համագումարից եւ այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթից տպվել է հանրության եւ ընտրողների հիշողության մեջ՝ «եւ վերջ» արտահայտությունն է

Դեկտեմբեր 18,2012 11:36

Անցած շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀԿ-ի «շռնդալի» համագումարը։ Սա կարեւոր իրադարձություն էր այնքանով, որքանով Հայաստանում երկու ամսից նախագահի ընտրություն է տեղի ունենալու, եւ այս կուսակցության համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում։ Ցանկացած նորմալ երկրում նման իրավիճակում այն կուսակցությունը, որը կառավարություն է ձեւավորել, ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, եւ որի նախագահը արդեն հինգ տարի է նաեւ զբաղեցնում է ՀՀ նախագահի պոստը, կաներ իսկապես շռնդալի համագումար։ Կներկայացներ անցած հինգ տարիների ընթացքում բոլոր այն շոշափելի, առարկայական ձեռքբերումները, որոնց ինքն իր նախագահի հետ միասին հասել է աշխատանքի արդյունքում։ Ընդ որում, դա կաներ հատ-հատ, ամենայն մանրամասնությամբ, առանց ամենաչնչին բան անգամ բաց թողնելու՝ սկսած երկրի տնտեսությունից, սոցիալական հարցերից՝ վերջացրած կրթությամբ եւ մշակույթով։ Հաշվետվություն կներկայացներ ՀՀ քաղաքացիներին ու հատկապես ընտրողներին մոտավորապես այսպես, սիրելի ընտրող, մենք այս հինգ տարիների ընթացքում արել ենք այս եւ այս բաները, կիսատ ենք թողել այս եւ այս բաները, ու խնդրում ենք՝ տուր քո քվեն մեզ, կիսատ թողածը շարունակելու ու նորերն էլ անելու համար։ Եւ մեկ անգամ կրկնենք՝ դա կաներ կոնկրետ, շատ կոնկրետ, ոչ թե հիպոթետիկ, փուչ ու ոչինչ չասող, ռոմանտիկ ձեւակերպումներով։ Սակայն, սա՝ ցանկացած նորմալ երկրում, որտեղ հինգ տարի շարունակ իշխանություն ունեցած քաղաքական ուժն ու իր նախագահն այդ հինգ տարվա ընթացքում հոգ տարած կլինեին նման «հաշվետվություն» ունենալու եւ ընտրողներին ձեռնունայն չներկայանալու համար։ Հայաստանում իրավիճակն այլ է. Հայաստանում իշխող քաղաքական միավորը չունի նման գոնե մեկ, թեկուզ փոքրիկ «ձեռքբերումիկ» եւ չէր էլ կարող ունենալ։ Ու դա գրված էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ հյուսիսկորեական զգաստությամբ այդ համագումարին ներկա յուրաքանչյուրի դեմքին։ Արդյունքում՝ միակ կոնկրետ բանը, որ այդ համագումարից եւ այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթից տպվել է հանրության եւ ընտրողների հիշողության մեջ՝ «եւ վերջ» արտահայտությունն է։ Իսկ նման իրադարձությունից հետո, նման թեկնածուով դեպի նախագահական ընտրություններ գնալը, հասկանում եք, ձեռնտու չէ նույնիսկ ՀՀԿ-ի նման կուսակցությանը, որի ներկայացուցիչները ցինիզմի պակաս չունեն եւ օրուգիշեր վստահ տոնով հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը միակ հաղթող թեկնածուն է։ Նման համագումարը դժգոհության մեծ ալիք պետք է բարձրացներ, առնվազն այս ամբողջ շաբաթը բոլոր լրատվամիջոցները, վերլուծաբանները, մտավորականները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հոգեբանները պետք է խոսեին այդ երեւույթի մասին, քննադատեին, եւ «հաղթող թեկնածուից, պետք է մնար միայն «եւ վերջը»։ Եւ դա հենց այդպես էլ կլիներ, նույնիսկ Հայաստանում։ Սակայն, չեղավ։ Իսկ ինչու՞ չեղավ։ Որովհետեւ ՀՀԿ համագումարից ընդամենը 24 ժամ չանցած՝ համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման ձայնագրությունը։ Եւ վերջ։

Հ.Գ. Հիմա արդեն ԶԼՄ-ները, մտավորականները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ընտրողները, երթուղայինների ուղեւորները կխոսեն ոչ թե Սերժ Սարգսյանի «վերջից», այլ ձայնագրությունից։ Բայց մենք, իհարկե, չենք ակնարկում, որ սա հատուկ կազմակերպված էր՝ Սերժ Սարգսյանի ցուցումով ԱԱԾ-ն էր կազմակերպել: Հատկապես որ՝ ԱԱԾ մամուլի խոսնակը երեկ հայտարարել է, որ ԱԱԾ-ն այդ գաղտնալսման հետ կապ չուներ եւ չէր էլ կարող ունենալ։ Եւ ընդհանրապես, այդ ում մտքով է անցնում, թե ՀՀ ԱԱԾ-ն կարող էր գաղտնալսել եւ հրապարակել ԱԺ պատգամավորների զրույցը:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31