Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը խոստովանում է, որ քաղաքացիական հասարակությանը կարողանում էր պահել ոչ հակառուսական դաշտում

Դեկտեմբեր 18,2012 11:23

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն է սկանդալի կազմակերպիչը, բայց հարցն այն է, թե ինչ բացվեց արդյունքում. «Չեմ ուզում համեմատել «Վիքիլիքսի» դեպքի հետ մասշտաբներով, բայց որակական առումով մենք ունեցանք նույն էֆեկտը։ Սա եղավ իրեղեն ապացույցն այն շշուկների եւ մասնավոր խոսակցությունների, վերլուծությունների։ Փաստորեն, ՀԱԿ-ը խոստովանում է, որ քաղաքացիական հասարակությանը կարողանում էր պահել ոչ հակառուսական դաշտում, այսինքն, որ իրենք սպասարկում են պուտինյան ռեժիմի շահերը Հայաստանում։ «Մարտի մեկ ա, ինչ ա», այս ռեպլիկից մենք հասկացանք, որ այս մարդիկ կարող են այդ մարդկանց արյան վրա թղթախաղ խաղալ ամենալպիրշ ձեւով։ Այս առումով Մարտի մեկը պաշտպանող Օսկանյանն ավելի ազնիվ է երեւում, քան Զուրաբյանը, որը մինչ այդ կոկորդ էր պատռում հանձնաժողովի ստեղծման քննարկումների ժամանակ»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ կարծում է, որ զազրելի է, երբ երկու մարդու, առավել եւս քաղաքական գործիչների ոչ հրապարակային հանդիպումը գաղտնալսվում է, սա բնորոշ է սովետական ԿԳԲ-ին։ «Եթե հատուկ ծառայությունները չեն արել սա, ապա նրանք կարող են արագ բացահայտել, պատժել մեղավորներին։ Բայց, անկախ ձայնագրության ապօրինի լինելուց, խնդիրն ունի նաեւ քաղաքական կողմ։ Ինձ համար տհաճ է, որ ներքաղաքական մշակույթի նշաձողն այնքան է իջել, որ Հայաստանի մասշտաբով երկու քաղաքական գործիչ հանդիպում են սրճարանում եւ քննարկում ոչ թե ՀՀ-ի առաջ ծառացած լուրջ խնդիրները, այլ այդ զրույցը վերածում են բամբասանքի։ Այս ամենը հետեւանք է նրան, որ վերջին մեկ տարում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրապարակային քաղաքականությունը դրել էին մի կողմ եւ զբաղվում էին անդրկուլիսյան շփումներով, սիլիբիլիներով, գաղտնի հանդիպումներով եւ հասարակությանը հաշվետու չէին»,- եզրակացնում է Սուրենյանցը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31