Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրության երաշխավորների լռությունը

Դեկտեմբեր 18,2012 11:15

Պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսումը և դրա ձայնագրության՝ համացանցում հայտնվելն ու հետագա հրապարակայնացումը պետք է դիտարկել երկու տեսանկյունից:

Նախ՝ միանշանակ է, որ այդ խոսակցությունը գաղտնալսողները և դրանք հրապարակային դարձնողները խախտում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Սահմանադրության 101-րդ հոդվածում նշված է, որ «առանց անձի համաձայնության՝ նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով»:
Կատարվածի մեջ հանցակազմի առկայությունը առավել քան ակնհայտ է, սակայն իրավապահ համակարգը՝ ի դեմս Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), ոչ թե փորձում է պարզել, թե ով է խախտել իր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այլ փորձում է արդարանալ, թե այդ գաղտնալսումը ինքը չի կազմակերպել, և որ իրեն ուղղված «բոլոր մեղադրանքները մտացածին և անհիմն են»:

Պետական այս գերատեսչությունն իրավունք ունի առանց հանցագործության մասին հաղորդում ստանալու քրեական գործ հարուցել. յուրաքանչյուր իրավական երկրում սա նմանատիպ դեպքին հետևող նորմալ պրակտիկա է: Հայաստանում, սակայն, ԱԱԾ-ն (և իրավապահ մարմիններն ընդհանրապես) ազգային անվտանգությունը ակնհայտորեն պատկերացնում է որպես իշխանությունների անվտանգություն և չի կատարում իրեն վերապահված գործառույթը: Եթե այս իրավիճակում ԱԱԾ-ն քրեական գործ չի հարուցում, ապա առնվազն կիսում է հանցագործության պատասխանատվությունը և խորացնում կասկածները իր գործունեության նկատմամբ:

Երկրորդ խնդիրը մշակութաբանական է: Քաղաքական գործիչներին գաղտնալսելը պետք է արժանանա ոչ միայն հասարակության, այլև ընդհանրապես պետական ինստիտուտների համապատասխան գնահատականին: Միացյալ Նահանգներում քաղաքական հակառակորդներին գաղտնալսելու համար իմփիչմենթի ենթարկվեց նախագահ Նիքսոնը, որովհետև իր գործողություններով նա ոչ միայն օրենք էր խախտել, այլև վտանգել էր ԱՄՆ պետականության հիմնարար արժեքներից մեկը:

Հայաստանում պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, իրենց հավատարմությունը ռեժիմի տերերին ընդգծելու համար, ոտն առաջ փորձում են խնդիրը տեղափոխել այլ հարթություն և քննարկել ոչ թե երևույթը, այլ այն, թե ինչ են քննարկել ՀՀ երկու քաղաքացիները: Այս պարագայում, իհարկե, բացարձակ նշանակություն չունի, թե ինչ են քննարկել:

Փաստն այն է, որ խախտվել է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը, իսկ Սահմանադրության երաշխավորները, մեղմ ասած, լռում են:

 «Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31