Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Համբարձումյան. «Ստիպված պետք է լինեն խոստովանել, որ Դաշնակցության մեկ հանդիպումը ՀՀ նախագահի հետ այնքան վճռորոշ է եղել»

Դեկտեմբեր 17,2012 22:30

Վերջին օրերին բուռն քննարկվում էր ՀՅԴ ներկայացուցիչների՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է կայացել այդ հանդիպումը: Ինչպես հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, այդպես էլ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ ղեկավարների հետ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հանդիպման մասին որոշ հստակություն կատարեց ՀՅԴ Գերագոււյն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը. «Մենք հայտարարել ենք, որ քաղաքական խորհրդակցությունների փուլ ենք սկսում բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ՀՀԿ-ի: Հանդիպել ենք նաեւ ՕԵԿ-ի հետ, միակ ուժը, որի հետ հանդիպում չենք  ունեցել՝ դա ՀՀԿ-ն էր: Մեր առաջարկած օրակարգի շուրջ տեղի է ունեցել հանդիպումը, քննարկվել են հարցեր: Այդ քննարկումը մեզ համար կարեւոր էր՝ որոշակի  հարցերի պատասխաններն ունենալու համար, որովհետեւ երբեւէ նախկինում գործող նախագահի հետ՝ ՀՀԿ խորհրդի նախագահի հետ բովանդակային իմաստով քննարկում չի եղել՝ կառավարման համակարգի հետ կապված հարցով՝ խորհրդարանական, նախագահական: Շատ կարեւոր էր այդ հանդիպումն ունենալ՝ մոտեցումները, դիրքորոշումները ճշտելու համար: Մյուս քաղաքական ուժերի հետ էլ երբ խորհրդակցել ենք, ամենեւին չի նշանակել, որ բոլոր ուժերի կողմից մեր օրակարգի հետ կապված պետք է լինի համակարծություն: Բայց մեզ համար կարեւոր են եղել այդ հանդիպումները՝ յուրաքանչյուրի մոտեցումները հստակեցնելու, մեր հետագա քայլերը ճիշտ կատարելու համար: ՀՀ Նախագահի հայտնած տեսակետները մենք ընդունել ենք ի գիտություն եւ ըստ այդմ մեր հետեւություններն ենք  արել: Այդ թվում արծարծվել է մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող հարց՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, անցել է ժամանակ, մեզ հետաքրքիր էր՝ այս ժամանակահատվածում նրա կարծիքը փոխվե՞լ է: Տեսել ենք, որ գործող նախագահի  տեսակետների մեջ որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Ինքնին քաղաքական խորհրդակցությունները կարեւոր են՝ քաղաքական մշակույթի առումով: Շահարկումները տեղին չեն, որովհետեւ  նախապես հայտարարված շրջանակով ենք մենք առաջ գնացել: Ի տարբերություն այլ քաղաքական գործիչների եւ ուժերի, ովքեր հանդիպումներ եւ քննարկումներ են ունենում, մենք բարձրաձայնել ենք  հանդիպման մասին, օրակարգի մասին, քննարկված հարցերի մասին: Չեմ կարծում, որ այդ հանդիպման արդյունքներով է  պայմանավորված այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, հակառակ պարագայում ստիպված պետք է լինեն նաեւ խոստովանել, որ  Դաշնակցության մեկ հանդիպումը ՀՀ նախագահի հետ այնքան վճռորոշ է եղել, որ  լուրջ եւ ճակատագրական որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել: Եթե այդպես է, ապա բրավո Դաշնակցությանը»:

Ինչ  վերաբերում է այն պնդումներին, որ ՀՀ նախագահի հրավերքով են ՀՅԴ անդամները հանդիպում ունեցել Բաղրամյան 26-ում՝ Արսեն Համբարձումյանն ասաց, որ հանդիպման առաջարկն իրենք են ուղարկել, ում կողմից արձագանք եղել է՝ հանդիպումը կայացել է հենց իրենց գրասենյակում, որովհետեւ տարրական էթիկան դա է թելադրում. «Արձագանք եղել է ՕԵԿ-ից՝ հանդիպել ենք ՕԵԿ գրասենյակում: Եղել է Ազատ դեմոկրատներից՝ հանդիպել ենք՝ ըստ հերթականության: Նույն տրամաբանությամբ հանդիպում եղել է նաեւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Եթե այլ հարց քննարկած լինեինք՝ կբարձրաձայնվեր դրա մասին, որովհետեւ թաքցնելու ոչ մի բան չունենք: Այլ կուսակցությունները, որ կուլիսներում են որոշումներ կայացնում, թող իրենք մտածեն իրենց կայացրած որոշումների հետեւանքների մասին, բայց ՀՅԴ-ին չվստահելու պատճառ որեւէ մեկն իրեն չպետք  է վերապահի: Կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի» :

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31