Իրական ժողովրդավարությունը հիմնված է իշխանությունների բաժանման, քաղաքական համակարգում հակակշիռների ստեղծման վրա, որոնք ուղղված են որեւէ քաղաքական ուժի բացարձակ իշխանության մենաշնորհ յուրացնելու եւ կամայականությունների դեմ:
Կանոնակարգի մասին օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողովի կազմավորումը` հավասարության սկզբունքներով, ընդամենը այդպիսի մի փոքր տարր է՝ ժողովրդավարական համակարգի ներսում հակակշիռներ ստեղծելու առումով: Այն կոչված է կյանքի, որպեսզի ընդդիմության համար ապահովվեն որոշակի իրավունքներ եւ լծակներ, ինչպես առանձին պատգամավորներին, այնպես էլ մեծամասնությանը քաղաքավարության, հանդուրժողականության, ընդդիմության նկատմամբ հարգանքի շրջանակներում պահելու նպատակով:
Հերիք չէ` դուք կեղծել եք մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, յուրացնելով իշխանությունը եւ ձեւավորելով Ազգային Ժողովում կեղծ եւ ապօրինի մեծամասնություն, ինչի մասին խոսել են խորհրդարանում ներկայացված բոլոր ոչ կոալիցիոն խմբակցությունները, այդ մեծամասնությունը դուք օգտագործում եք միայն եւ միայն ժողովրդավարության, պառլամենտարիզմի եւ տարրական ազատությունների ճնշման նպատակով:
Դուք դարձրել եք Ազգային Ժողովը իշխող քաղաքական ուժի դակիչ գործիք: Բոլոր որոշումներն ընդունում եք Կանոնակարգի մասին օրենքի կոպիտ խախտմամբ, հավաքելով ձեզ հնազանդ մեծամասնությանը միայն առավոտյան ժամերին եւ օգտագործելով նրանց որպես «կնոպկա» սեղմողներ:
Դա իբր քիչ էր, երբ ընդդիմությունը փորձեց օգտագործել իր սահմանադրական իրավունքը եւ արտահերթ նիստ հրավիրել ընտրական օրենսգիրքը քննարկելու նպատակով, դուք տապալեցիք այդ քննարկումը, ուղղակի չգալով նիստի:
Հիմա, երբ ընդդիմությունը փորձում է այդ հարցը լուծել էթիկայի հանձնաժողովի միջոցով, եւ դուք տեսաք, որ ձեր հենց ընդունած օրենքով ընդդիմությունը կարող է հաջողության հասնել, դուք անմիջապես փոխում եք օրենքը:
Ավելի մեծ փոքրոգություն լինո՞ւմ է, քան երբ, տեսնելով որ սկսում եք պարտվել, ձեր իսկ սահմանված խաղի կանոնները փոխում եք, որ ապահովեք ձեր հաղթանակը:
Այսօրվա նիստը նույպես վկայեց ձեր անհադուրժողականության մասին, քանի որ ընդդիմադիր պատգամավորների ելույթները Կանոնակարգի մասին օրենքի կոպիտ խախտումներով ընդհատվում էին նախագահողների անտեղի միջամտություններով:
Փաստորեն մենք գործ ունենք շատ վախեցած մի իշխանության հետ, որին անհանգստացնում է ընդդիմության ցանկացած քայլ:
Դուք չեք խորշում անգամ ապօրինի գաղտնալսումներ կատարել եւ այստեղ, Ազգային Ժողովի լիագումար նիստում, հնչեցնել այդ գաղտնալսումների բովանդակությունը:
Այս ամենը ցույց է տալիս, որ դուք որոշել եք ոչնչացնել ժողովրդավարության վերջին տարրերը մեր երկրում, քանի որ վախենում եք ժողովրդավարությունից, անգամ լինելով մեծամասնություն պառլամենտում:
Շնորհակալություն, սպանե՛ք էթիկայի հանձնաժողովը եւ մենք այլեւս չպիտի ապացուցենք ձեր սարսափը մեր խոսքերով, քանի որ դուք դա անում եք ձեր գործողություններով:
Լևոն Զուրաբյան
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար
ՀՀ Ազգային ժողով