Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Որոշումն, ընդ որում, մեղադրական կանխավարկած չի պարունակում, եւ միայն քննությունը պիտի պարզի՝ արդյոք 83 պատգամավորներից որեւէ մեկը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները, թե ոչ:
Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն, ընդ որում, իրավական որեւէ հետեւանք չի ունենում, եւ եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը՝ ըստ էության կայծակնային էր:
Ընդամենը տասն օրվա ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը գրվեց, հաստատվեց, կառավարության նիստում քննարկվեց, եւ ահա բերվել է արտահերթ նիստի օրակարգ, ընդ որում՝ կառավարության կողմից:
Կառավարությունն այսպիսով, միջամտում է խորհրդարանի ներքին-կանոնակարգային հարցի քննարկմանը, որովհետեւ, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են խնդրել կառավարությանը: Ուշադրություն դարձրեք, ի դեպ, ԱԺ որեւէ հանձնաժողովում այս նախագիծը չի քննարկվել, եւ միակ մարմինը, որ քննարկել եւ հավանության է արժանացրել՝ կառավարությունն է: Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետեւ իրեն այնքան էլ Ապահով չի զգում Ազգային ժողովում: Ահա թե որն է Ապահով Հայաստան կառուցելու հանրապետական մեծամասնության ալգորիթմը:
Կարդացեք նաև
Ինչեւէ, այս նախագծով ընդամենը մեկ հարց է լուծվում. ապահովել Էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունը իշխանության կողմից: Ասել, թե խորհրդարանական մեծամասնությունը վախեցած է Էթիկայի հանձնաժողովի գործունեությունից, իհարկե, մոլորություն կլինի: Հանրապետական կուսակցությունը քաջ է եւ խիզախ, որովհետեւ, իսկապես, անընդգրկելի խիզախություն է հարկավոր երկիրը այսպիսի վիճակի հասցնելու համար:
Խնդիրն ամենեւին Էթիկայի հանձնաժողովը չէ, կամ նրա այսօրվա կազմից բխող վտանգները: Խնդիրն այն ավանդույթների եւ գործելակերպի մեջ է, որով երկիրը ղեկավարում են Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը: Նրանց համար անընդունելի է, որ երկրում լինի իշխանության թեկուզ սիմվոլիկ լծակների տիրապետող մի օղակ, որը դուրս է իրենց վերահսկողությունից ու հարյուր տոկոսով կանխատեսելի չէ իրենց համար:
Հանրապետական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանն, ի դեպ, մոռացավ նշել մի դարակազմիկ հաջողության մասին, որ իրենց իշխանությունը հասել է. նրանք կարողացել են Հայաստանից արմատախիլ անել իրենց պատկերացրած «ազգային մենթալիտետին» հակասող՝ իշխանության բաժանման սկզբունքը: Հիմա պետական կառավարման մարմինները, իշխանության բոլոր ճյուղերը ղեկավարվում են մի կետից եւ գտնվում են ՀՀԿ ղեկավարության կրնկի տակ. օրինակ՝ առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանները, իրենց վարչական, քաղաքացիական ու Սահմանադրական արբանյակներով:
Քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու սանէպիդկայանները, մշակույթի եւ հանգստյան տները, ատամնաբուժարաններն ու հոգեբուժարանները վերածվել են ՀՀԿ-ի կուսակցական գրասենյակների: ԺԷԿ-երն ու բուհերը գտնվում են հանրապետականի լիակատար վերահսկողության ներքո, բանը հասել է այնտեղ, որ ոստիկաններն են իրենց պաշտպանված զգալու համար ՀՀԿ-ի կրծքանշաններով շրջում, չնայած որեւէ կուսակցության անդամ լինելու իրավունք չունեն օրենքով: Այս պայմաններում ահա, երբ ժողովրդավարական տոտալիտարիզմի հանրապետական մոդելը գրեթե կատարելության է հասցված՝ մի ինչ-որ Էթիկայի հանձնաժողով ոչ միայն վերահսկելի չէ, այլեւ կասկածի տակ է դնում Հանրապետական պատգամավորների գերակայությունը պատգամավորի Էթիկայի ոլորտում:
Սա, իհարկե, աղաղակող անարդարություն է, որը պետք է վերացնել հնարավորինս արագ, մանավանդ որ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը հիշել էր «Արդար Հայաստան» հաստատելու հնգամյա վաղեմության իր խոստման մասին: Որ մի խումբ երիտասարդներ իրենց քաղաքական հայացքների համար բանտարկության են դատապարտված, անարդարություն չէ: Որ Երեւանի սրտում կրակոցներով հանդես եկած Սերժ Սարգսյանի եղբորորդին շարունակում է մնալ ազատության մեջ, անարդարություն չէ: Բայց որ՝ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը իշխանության վերահսկողության տակ չէ, աղաղակող, անթույլատրելի, դատապարտելի անարդարություն է: Ու որ խորհրդարանական մեծամասնությունը չի հապաղի վերացնել այս անարդարությունը, կասկածել, իհարկե, չի կարելի: Այս ամենը պարզ է, բայց պետք է հասկանալ, թե ուր է տանում այս ճանապարհը:
Խոսքը, քավ լիցի, Էթիկայի հանձնաժողովի այս մասնավոր դեպքի մասին չէ, այլ ժողովրդավարական հորջորջված այս տոտալիտար մտածելակերպի: Եւ ինչի համար է այս ամենը արվում. հանրությանը, ժողովրդին, բոլորին ցույց տալու համար, որ Հանրապետական մեծամասնությունը «ոչ մի թիզ հող չի զիջելու» ընդդիմությանը, հանրությանը, ժողովրդին: Սա, ըստ էության, անծանոթ գործելակերպ չէ, եւ հատուկ է բոլոր տոտալիտար վարչակարգերին, անկախ նրանից, թե որքանով են նրանք քողարկված ժողովրդավարության դիմակի ներքո: Տոտալիտարիզմը հենց դրանով է տոտալիտարիզմ, որ չի կարող վերահսկողությունից դուրս թողել որեւէ չնչին տարածություն:
Տիկնայք եւ պարոնայք.
Գիտեմ, որ տոտալիտարիզմ բառը ոմանց համար տարօրինակ է հնչում մի իրականության մեջ, որտեղ քաղաքականությունից խոսող յուրաքանչյուր մարդու ամեն երկրորդ բառը ժողովրդավարությունն է: Ժողովրդավարական արժեքների մասին բառեր տեղ գտան նաեւ Սերժ Սարգսյանի՝ երկու օր առաջ ունեցած ելույթում: Ոմանք այդ բառն օգտագործում են հույս ունենալով, թե այն տարածական է եւ հարաբերական: Բայց ինչպես տնտեսությունն ու պետական բյուջեն, ժողովրդավարությունն ինքն էլ թվաբանություն ունի, եւ Հայաստանում ժողովրդավարության առկայությունը կարելի է գնահատել թվերով: Հայաստանի Հանրապետության գոյության 21 տարիների ընթացքում տեղի ունեցած նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների որեւէ ընտրություններ չեն ավարտվել ընդդիմության հաղթանակով: Ընդդիմությունը ոչ մի անգամ իշխանության չի եկել:
Սա Հայաստանում ժողովրդավարության բացակայության, տոտալիտարիզմի ուղղակի ապացույց է, որովհետեւ ժողովրդավարությունը բռնության եւ կոռուպցիայի տանիք չէ, այլ խաղաղ, ընտրական ճանապարհով իշխանաության փոփոխության մեխանիզմ: Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել, Հայաստանում գործող իշխանությունը միշտ վերարտադրել է ինքն իրեն:
Եւ ուրեմն, սա տոտալիտար, ամբողջատիրական համակարգ է, եւ Էթիկայի հանձնաժողովի վրա խորհրդարանական մեծամասնության ձեռնարկած հարձակումը կարեւոր է սրանով. դա ցույց է տալիս գործող իշխանության ամբողջատիրական բնույթը: Ոչինչ, որեւէ բան, նույնիսկ սիմվոլիկ կամ բարոյական նշանակություն ունեցող, չպետք է լինի իշխանության համակարգի վերահսկողությունից դուրս: Ոչ մի լրատվամիջոց, ոչ մի թերթ, ոչ մի լրագրող, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի քաղաքացի. բոլորը պետք է լինեն վերահսկողության տակ, եւ իրենց վրա կրեն իրենց բաժին ժուչոկը: Եւ երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մոտենում ենք հաղթական վերջնախաղին, հենց սա նկատի ունի: Նրանք հույս ունեն, թե առաջիկա նախագահական ընտրություններում նրա վերարտադրությունը ապահովելու է այս «բարձրագույն» նպատակի վերջնական եւ համատարած իրագործումը:
Ողբերգականն այն է, որ վերջին շրջանի քաղաքական պրոցեսները կատարելապես ծառայել ու շարունակում են ծառայել հենց այս խնդրի լուծմանը, երբեմն տպավորություն է, թե Հայաստանում նույնիսկ կոնսենսուս է հաստատված ժողովրդավարական տոտալիտարիզմի մոդելի շուրջ, երբ իմիտացիան ավելին է, քան իրականությունը, երբ իրականությունը մի երկար ու անվերջանալի բառախաղ է, կռուտիտ, իմիտացիա, որտեղ յուրաքանչյուրը կատարում է իր դերը, վերեւից հրահանգված դերը եւ դա անում է հաճույքով: Հենց այսպիսին է երեւակվում այսօրվա Հայաստանը եւ նրա՝ քաղաքական էլիտայի կողմից գծագրված ապագան:
Բայց այստեղ եմ՝ այս բարձր ամբիոնից հայտարարելու համար, որ Հայաստանում եւ սփյուռքում կան մարդիկ, ովքեր չեն տրվելու այս թելադրանքին, չեն համակերպվելու այս պարտադրանքին, չեն ընդունելու ուրիշների մոգոնած խաղի կանոնները եւ պայքարելու են հանուն Իրական Հայաստանի՝ թեկուզ պարտադրված լինեն ամեն ինչ սկսել զրոյից, որովհետեւ Ազատ եւ Երջանիկ Հայաստան կառուցելու պարտավորությունն ավելին է, քան քաղաքական կոնյունկտուրան, քաղաքացիական հպարտության հրամայականն ավելին է, քան հոսանքին տրվելու գայթակղությունը:
Տիկնայք եւ պարոնայք.
Ելույթս ուզում եմ ավարտել մի մեջբերումով: Սերժ Սարգսյանից: ՀՀԿ համագումարում նախօրեին ունեցած ելույթում նա բառացիորեն ասել է հետեւյալը. (մեջբերում եմ) «Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն եւ հպարտությամբ» (մեջբերման ավարտը): Փաստորեն, Շուշիի ազատագրման ժամանակներից ի վեր որեւէ մեկը Սերժ Սարգսյանին չի ասել հայրենիքով հպարտացած լինելու մասին: Սրանով ամեն ինչ ասված է: Եւ վերջ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ