2012թ. դեկտեմբերի 3-ից 7-ը կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 7-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համալրման հարցը: Այս մասին այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ասաց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: «Երկրները ներկայացրել էին 70 հայտ, որից 36-ը ստացավ դրական եզրակացություն եւ ընդգրկվեց օրակարգում, այդ թվում` Հայաստանի ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը: Այն ստացավ դրական որոշում և ընդունվեց: Ընդհանուր առմամբ` ընդունվեց 27 հայտ: Ադրբեջանի ներկայացրած հայտը նույնպես ընդունվեց, սակայն այն պետք է լրացվի, իսկ Վրաստանը հայտ չէր ներկայացրել»,-հավելեց փոխնախարարը:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի ղեկավար Վահրամ Կաժոյանը նշեց, որ վերջին շրջանում հանձնաժողովի իրականացրած ինտենսիվ աշխատանքների եւ ծրագրերի շնորհիվ արդյունավետ համագործակցություն է ծավալվել մշակույթի ոլորտի պատասխանատու կառույցների միջեւ, այդ թվում` հայտը կազմելու գործում:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը հայտնեց, որ հայտը կազմվել է ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի էպոսագետների հետ համատեղ. «Կարծում եմ` հայտի վերնագիրն արդեն իսկ ճիշտ է ընտրված եւ օտարազգիների համար հետաքրքրություն է ներկայացնում»:
Կարդացեք նաև
Արև Սամուելյանի խոսքով. «Ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ Հայաստանը բավականաչափ եւ լուրջ աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ: Մեր աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված` հարևան երկրները միշտ էլ փորձել են քաղաքականացնել մշակույթը, իսկ մեր առաքելությունն է` գործը ճիշտ անել եւ շրջանցել նրանց հիստերիան»:
Խնդրի շուրջ պարոն Կաժոյանը հավելեց, որ Թուրքիայի կողմից խանդ կար Հայաստանի հայտի հանդեպ` էպոսում հիշատակվող տեղանունների, հատկապես` Սասունի հետ կապված, սակայն պատվիրակության ջանքերով հնարավոր եղավ կանխել ոտնձգությունները. «Երբ «Սասունցի Դավիթը» գրվեց, անգամ Օսմանյան կայսրությունը չկար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ