Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Կոնսենսուս մինուս մեկի հետքերով

Դեկտեմբեր 17,2012 16:36

Սցենարի քաղաքական հիմնավորման համար ընտրվեց ՀԱԿ-ի առաջնորդի հրապարակային հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, իսկ որպես գլխավոր կարգախոս «Կոնսենսուս մինուս մեկ»` ոչ ամբողջական բանաձեւը: Մինչ այդ փորձ էր արվել այս սցենարը երկխոսության միջոցով իրականացնել կոալիցիայի հիմնական ուժի` Հանրապետականի միջոցով «Սերժն իմ ընկերն է» առաջին նախագահի հայտնի խոստովանությամբ` մինուս մեկի դերում, որպես հանցագործներ ներգրավելով «ավազակապետության» մյուս խորհրդանիշ ԲՀԿ-ին` Ռոբերտ Քոչարյանով, Գագիկ Ծառուկյանով, Վարդան Օսկանյանով եւ այլն (գնահատականները ՀԱԿ-ի առաջնորդինն են):

Սերժ Սարգսյանը առավելագույնս կարողացավ օգտվել երկխոսության` իրեն հասնող քաղաքական բարիքներից եւ …շնորհակալություն, ցտեսություն: Կոալիցիայի մյուս ներկայացուցիչ ԲՀԿ-ն` քաղաքական իմունիտետի հստակ բացակայության պատճառով սահուն հայտնվեց այս տրագիկոմեդիայի գայթակղիչ ծուղակում:

Ներկայացումը պետք է բեմականացվեր երկու գործողություններով: Առաջին արարը ԱԺ ընտրություններն էին, որի ժամանակ, այսպես կոչված միացյալ շտաբով ԲՀԿ-ն, հիմնականում ՀԱԿ-ի միջոցով, պետք էր «ադապտացվեր» ընդդիմադիր դաշտում: Եւ այն, կարծես թե, մասամբ ստացվեց, չնայած ՀԱԿ-ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից Արթիկից, մյուս մարզերից պարբերաբար աղաղակող փաստերի, որ «Բարգավաճի» ներկայացուցիչները Հանրապետական թեկնածուների հետ հավասար զբաղված են հանցագործություններով` ընտրակաշառք, բարեգործ տրակտորներ բաժանելով եւ այլ օրինազանցություններով:

Նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչների ամենօրյա բացահայտումները հանցագործությունների մասին միացյալ շտաբում բանի տեղ չդրեցին: Իշխանությունը այս ընթացքում բարձրաձայն լռում էր, լավագույնս գիտակցելով, որ այս սցենարի իրականացումը բխում է բացառապես իր շահերից` իր ձեռքում պահելով զարգացումները չափավորելու դիրիժորական փայտիկը: Բեմականացման երկրորդ արարում պետք է լրացվեր գլխավոր կարգախոսի թերի հատվածը, այսինքն` «Կոնսենսուս մինուս մեկ` հավասար է Գագիկ Ծառուկյան». այլ խոսքով` միացյալ շտաբով եւ Գագիկ Ծառուկյան միացյալ թեկնածուով` դեպի նախագահական ընտրություններ:

Այս ընթացքում ամբողջ ցինիզմով գործի դրվեց լրատվական կիլլերությունը` իր բացահայտ լկտիությամբ եւ խորհրդարանում պատահականորեն հայտնված, քաղաքական դաստիարակությունից զուրկ երիտասարդների հարվածային գունդը` այս տրագիկոմեդիան բացահայտողների նկատմամբ հայհոյանքներ ու հակահիգիենիկ որակումներ շաղ տալով: Իշխանությունը շարունակում էր բարձրաձայն լռել. ավել ինչ էր նրան պետք` ՀԱԿ-ի միջոցով ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ բերելը խառնաշփոթ էր առաջացրել ընդդիմադիր դաշտում, նույնիսկ որոշ կուսակցությունների ներսում պառակտողական գործընթացներ էին սկսվել, բեմադրության ամբողջ ընթացքն ու զարգացումները կառավարելի էին իր կողմից: Կուլմինացիայի զավեշտը, թերեւս, քաղաքական կոնյունկտուրայի հուժկու թելադրանքով` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին ԲՀԿ-ի ներկայացուցիչներից մեկի կողմից արված հայտարարությունն էր, որը համառորեն ներկայացվում էր «Բարգավաճի» եւ նրա առաջնորդի միասնական քաղաքական տեսակետը:

Այսպիսով, պոլիտիկանտությունը հասավ իր գագաթնակետին: Կարծում եմ` իշխանությունը իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի Գ. Ծառուկյանն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, բայց ներկայացման ռեժիսուրան դեռեւս չէր հասցրել «Բարգավաճի» առաջնորդին զրկել ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից: Չիրականացման պատճառը, թերեւս, այն էր, որ սցենարի հեղինակների հերոսին բեմադրության ռեժիսորները որպես զոհ էին նախատեսել: Այսօր արդեն «Բարգավաճի» եւ նրա առաջնորդի անունից պարբերաբար հայտարարությամբ հանդես եկողներին հետողորմեայի մեկ ճանապարհ է մնացել, որ իրենք ընդամենը իրենց անձնական տեսակետն են արտահայտել, հասկանալի է` ինչ-որ կուլիսներում մշակված: Սա, իհարկե, ճշմարտություն է, բայց` երեւի ուշացած. գնացքն արդեն բավականին հեռացել է:

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Հ. Գ. Այս գրառումը «Ֆեյսբուքում» Ռուբեն Հակոբյանի էջից է, որը հրապարակում ենք իր համաձայնությամբ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31