Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Պապոյանը ընդամենը վիրավո՞ր գայլ էր (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2012 16:23

«Գագիկ Պապոյանը մեղավոր չէ, նա գող չէ, նա մտել էր մի խաղի մեջ, որի կանոնները չի իմացել, աշխատել է գայլային հոգեբանությունը, վիրավոր գայլին մյուս գայլերը հոշոտել են: Սիմոն Աղազարյանն է քաշել Պապոյանին»: Այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեցին Արամի 72, 80, Եկմալյան 2/5 հասցեի, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ընկերությունների զոհերը, որոնք գումար են վճարել բնակարան ձեռք բերելու համար, իսկ հետագայում նրանց բնակարաններին տիրացել են բարձրաստիճան պաշտոնյաններ:

Արամի 72 հասցեում բնակարան ձեռք բերած Սոնա Մաղաքյանի խոսքերով՝

«Գագիկ Պապոյանը Հիսուս Քրիստոս չէր, որ գար հենց այնպես, իր գրպանից շենքեր կառուցեր ու նվիրաբերեր, մանավանդ, որ այդ շենքը կաոռւցվել է շարքային բնակիչների հաշվին, հիմա ստացվում է արդարադատության նախարարությունը, կադաստրը, հարկայինը, դատախազությունը, քաղաքապետարանը բոլորը տեսել են որ 8 տարի շարունակ այնտեղ ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում: Փոխանակ կանխելու, որոշել էին պղտոր ջրում ձուկ որսալ: Շենքում բնակարաններ են ձեռք բերել այնպիսի մարդիկ, ովքեր պարտավոր էին ի պաշտոնե ստուգումներ կատարել՝ հարկայինի աշխատակիցները, դատախազության պատոնյաներ, դատավորներ, քաղաքապետարանի ԾԻԳ-ի պետը: Աչքերը փակելու համար Գագիկ Պապոյանը նրանց համար դարձել է կամակատար ու սկսել է բաժանել այն բնակարանները, որոնք կառուցվել են մեր գումարներով»:

Սոնա Մաղաքյանի ներկայացմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը անհայտ հաշվեհամարից 2 միլիոն դոլար է փոխանցել Պապոյանին, որի դիմաց ստացել է 5 անգամ ավելի մեծ տարածք, հետագայում այդ գումարները մսխվել են Կադաստրի եւ ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից, սակայն այսօր. «Փամբուկյանը եկել է մեր բնակարաններն է ուզում մեզանից վերցնել, ուժը մեր վրա է պատում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ Վահան Սարուխանյանի պատմելով էլ՝ 2006 թվականին պայմանագիր է կնքել, ըստ որի, 26 ամիս հետո պետք է բնակարանով ապահովվեր Արամի 72 հասցեում: Ըստ պայմանագրի, ընդամենը դատարկ շենքում դատարկ պատեր պիտի տրամադրվեր, ուստի Վահան Սարուխանյանը բանկից վարկ է վերցրել ու վերանորոգում կատարել, բայց. «Այսօր ասում են բնակարան չունեմ: Նոյեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ եմ հանդիպել, ասաց, որ խնդրին դրական լուծում կտան: Բայց քաղաքապետարանը պատասխանել է՝ 4 տարի էլ սպասի, ձեր տարածքում շենք կկառուցեն ու այդտեղից բնակարան կտան, բայց բանկից վերցրած վարկը գնա կորի, տունը իմը չի: Ֆիանանսների նախարարությունում հանձնաժողով կա ստեղծված, մեր գործով զբաղվում է Հայկ Դավթյանը՝ նախարարի օգնականը, նրանից մինչ օրս ոչ մի դրական պատասխան չենք ստացել: Ասում է՝ ձերը չի բնակարանը, ներդրող գտեք, թող ձեր տարածքում բնակարան կառուցի ու բնակարան տա ձեզ: Մեր վերջին հույսը ՀՀ նախագահն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Մաղաքյանի խոսքերով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2005 թվականին, առանց շինթույլտվության, այդ հասցեներում թույլատրել է շենքեր կառուցել եւ արդեն կառուցված եւ բնակարանների սեփականատերեր ունեցող շենքի հողատարածքը 2008 թվականին նվիրաբերել է ԲՀԿ անդամ, Երեւանի ավագանու անդամ Անդրանիկ Խալոյանին, որն էլ կրկին եկել է տիրացել 50 բնակարանանոց շենքին: Ընդ որում, ըստ տիկին Մաղաքյանի, նույնիսկ հասարակական զուգարանի եւ ընդհանուր փողոցի տարածքներն են մի քանի անգամ վաճառել:

Հիշեցնենք, որ «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊԸ-ների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտված է եւ ուղարկված է դատարան, իսկ մեղադրյալների անձնական, այնպես էլ՝ «Գապբնակշինի», «Նարեկ-Դավիթի» և «Նարեկ-Գրադի» ողջ գույքի վրա կալանք է դրվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31