Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական, նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը Aravot.am-ին պատմեց, որ կոմունիստական կուսակցության ներսում ներքին պառակտումներ կան:
«Մինչեւ 1999 թվականը, Թովմասյան Ռուբենն ընդհանրապես կոմկուսում չի եղել : Ու ինչպես ասացին վերեւից, ստացվեց այնպես՝ ինքը դարձավ լիդեր: Շատ հարգանք ունեցող ընկեր է, բայց իր ղեկավարության ընթացքում կոմունիստական կուսակցությունը տանում է պարտություն: Միշտ պարտվում է: Մի երկու երեք անգամ, երբ պարտվում ես, պետք է տեղդ զիջես երիտասարդներին, իսկ այդ կուսակցությունում կան երիտասարդներ, որոնք կարող են վերցնել եւ կուսակցությունը տանել ճիշտ ուղով: Միգուցե իրեն դա է պետք, որ ինքը լինի կենտկոմի առաջին քարտուղար, դա հնչող է: Բայց Թովմասյան Ռուբենը պատասխանատվություն չունի պետության եւ ժողովրդի առջեւ: Բայց երբ դառնում ես լիդեր, ուրեմն դու պատասխանատվություն եւ պարտավորություն ես կրում քո հետեւում կանգնած մարդկանց համար »,- դժգոհեց Ռ. Ահարոնյանը:
Նրա պատմելով, ինքը 1991-ից մինչեւ 1999 թվականի դեկտեմբերը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար, ու դուրս է եկել կուսակցության շարքերից, երբ, իր իսկ խոսքերով, կոմունիստական կուսակցության իշխանությունը զավթեց Ռուբեն Թովմասյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, կոմունիստական կուսակցությունում ընկեր Թովմասյանի դեմ միշտ եղել ու շարունակում են պայքարել, բայց. «Ընտրել են, փորձում են դեմ պայքարել որոշ մարդիկ, չի ստացվում, թողում դուրս են գալիս ու մնում է քիչ, ավելի քիչ մարդիկ»:
Ի դեպ, իրեն նախկին ՕԵԿ-ական համարող Ռ. Ահարոնյանին ՕԵԿ-ում չեն մտաբերում: Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ասաց, որ ինքը, լինելով ՕԵԿ-ի հիմնադիրներից, նման անունով նախկին կուսակցականի չի ճանաչում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ