Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. Համբերության բաժակը լցվել է, մենք պե’տք է պայքարենք

Դեկտեմբեր 17,2012 15:54

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի 2013 թ-ի փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն է տարածել Սմբատ Այվազյանը:

Հայտարարությունում ասվում է.

Հայրենակիցներ,

Իշխանությունը իր քաղաքական արբանյակների հետ ժողովրդին հերթական անգամ  խաբեց:   Իր իսկ ստեղծած այլընտրանքը հանելով նախագահական մրցապայքարից,  քաղաքացիներին ընդհանրապես զրկեց որեւէ ընտրություն կատարելու հնարավորությունից:

Իշխանությունների կողմից ժամանակին որպես արհեստական այլընտրանքային ուժ ստեղծված Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը  մեկ անգամ եւս ի չիք դարձրեց   մեր երկրում քաղաքական պայքարի հնարավորության վերաբերյալ սին պատրանքները:

Հասկանալով, որ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր նույնիսկ կեղծ այլընտրանքի հետեւից գնալ, ԲՀԿ-ն, որը  խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների գրեթե կեսը, գնաց քաղաքական հանցագործության, հրաժարվելով նախագահական պայքարից:

Ինչպես 2003-ին Ազգային Միաբանության եւ 2008-ին Օրինաց Երկրի դեպքում, այնպես էլ այս անգամ երկրի քաղաքական վերնախավը իր  անդրկուլիսյան պայմանավորվածություններով հուսախաբ արեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին,  դրսեւորելով իր հանցավոր եսասիրությունը:

Հանուն իշխանության պահպանման նրանք այս անգամ էլ դավաճանեցին ժողովրդին,  Բարգավաճ Հայաստանը դարձնելով ընտրազանգվածին ապակողմնորոշելու հերթական գործիք:

Իսկ ԲՀԿ-ն  ձեւացնելով ընդդիմադիր գործունեություն կարողացավ, ոչ միայն  խորտակել  ներկա պահին  քաղաքական մրցակցային դաշտ ստեղծելու  ժողովրդի հույսերը, այլեւ տկարացնել ընդիմադիր շարժումը, որն արտահայտում եւ արտացոլում էր լայն ժողովրդական զանգվածների բողոքն ընդդեմ անհույս գործազրկության, աղքատության եւ պաշտոնյաների անօրենությունների:

Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են առաջընթացի եւ ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ,  հանցավոր ռեժիմների  վերարտադրութան տասնամյակներ:

Այս  իրավիճակում Հայաստանի նվիրյալ որդիները, իսկական քաղաքացիները չե’ն կարող լռել:

Չեն կարող չտեսնել, որ երկիրը կանգնած է լրջագույն սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ, շարունակվող  թշնամական շրջափակման մեջ:

Չեն կարող չտեսնել, որ Հայաստանի քաղաքացիների կեսն արդեն լքել է երկիրը, իսկ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսական քաղաքականությունը:

Ժողովուրդը պետք է արթնանա ու վերջ դնի այս ոճրագործությանը: Ժողովուրդը պե’տք է ոտքի կանգնի ու պաշտպանի իր իրավունքները, իր հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, իր հայրերի պատիվը եւ իր երեխաների ապագան:

Ես կո’չ եմ անում Հայաստանի նվիրյալ որդիներին միանալ եւ մեկընդմիշտ ապացուցել, որ անդրկուլիսային պայմանավորվածությունները  չեն կարող կոտրել ժողովրդի կամքը:

Կո’չ եմ անում բոլոր հայերին, ում հետաքրքրում է հայրենիքի ապագան, պաշտպան կանգել իրենց սահմանադրական իրավունքներին:

Սիրելի’ հայրենակիցներ,

Պետք է համախմբվել, միավորվել եւ պայքարել, որպեսզի 2013 թ-ի փետրվարի նախագահական ընտրությունները անցնեն ժողովրդավարության եւ բազմակարծության մթնոլորտում:

Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ կրկին խաբեն անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց անձնական շահը վեր են դասում ժողովրդի շահերից:

Մենք այլեւս չպետք է լուռ նայենք, թե ինչպեն են ոմանք քաղցած ու անպաշտպան ժողովրդի հաշվին ապրում շքեղության մեջ, դղյակներ ու ամրոցներ կառուցում:

Չպետք է համակերպվենք այն բանի հետ, որ իրենց արյան գնով Արցախն ազատագրած մեր հայրենակիցների ընտանիքները գոյատեւեն աղքատության մեջ:

Այլեւս տեղ չկա:

Համբերության բաժակը լցվել է:

Հետեւաբար, մենք պե’տք է պայքարենք:

Պայքարենք  հանուն ապագայի, հանուն հայրենիքի ու հանուն նոր հույսի ծննդյան:

Միայն համազգային միասնական ու  վճռական գործողությունները կարող են շտկել վիճակը:

Միայն ազգային արժեքների շուրջ ճշմարիտ հայրենասերների  համախմբումն է, որով կարող ենք  հաղթահարել այս  քաղաքական դավաճանությունների շարքն ու դրանց բերած դառնությունը:

Հայրենակիցներ. մենք պարտավոր ենք ազատվել այս անտարբերության թմբիրից եւ պարտավոր ենք հասկանալ, որ այս իրավիճակում լռելը հավասարազոր է դավաճանության:

Մենք պարտավոր ենք համախմբվել ու գործել:

Մենք  պարտավոր ենք գտնել այս անհանդուրժելի իրավիճակը շտկելու ձեւերն ու միջոցները:

Մենք պայքարելու ենք եւ մոտ ապագայում կներկայացնենք մեր տեսակետներն ու  ծրագրերը:  Պայքարելու ենք հանուն իրականում ազատ ու ժողովրդավարական Հայաստանի:

Այդ պայքարում ես եւ իմ համախոհները  ակնկալում ենք մեր հասարակության, մեր ողջ ժողովրդի օգնությունն ու աջակցությունը:  Որովհետեւ  մեր միասնությունն է լինելու հաղթելու, իրականում բարգավաճող երկիր կառուցելու  միակ երաշխիքը:

Ս.  Այվազյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31