Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորման հետ կապված փոփոխություններին, որն առաջարկում է իշխանությունը: Մինչ այդ նա նախ կոչ արեց կոռեկտ խոսել Արփինե Հովհաննիսյանի հետ: Նշենք, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ինքը ձեռնպահ մնաց Արփինեին հարցեր տալ, որովհետեւ նա չէ այդ հարցերի հասցեատերը, այլ՝ Դավիթ Հարությունյանը. «Ես չեմ կարծում, որ կարելի է մի պատգամավորի՝ մեկ այլ պատգամավորի հետ ունեցած անձնական հարցերը տրանսֆորմացնել եւ բերել փոփոխություններ կատարել օրենքի նախագծում, որը վերաբերելու է էթիկայի հանձնաժողովին: Նաեւ այստեղ շահարկվեց՝ ԲՀԿ, ԲՀԿ…Ինչ-որ փորձեր են կատարվում ճշտելու ԲՀԿ-ի դերը, տեղը քաղաքական դաշտում: Հարգարժան գործընկերներ, խորհուրդ կտամ զբաղվել սեփական քաղաքական ուժի խնդիրներով, պրոբլեմներով: Վստահեցնում եմ՝ յուրաքանչյուրիդ մոտ դրանք այնքան շատ են, որ մի տանջվեք ԲՀԿ-ի տեղը որոնելով քաղաքական դաշտում: Տպավորություն է, որ այս փոփոխությունը պայմանավորված է միայն ԲՀԿ-ի նկատմամբ անսահման հոգատարությամբ: Այդքան հոգատար մի՛ եղեք: Մենք հրաշալի գիտենք մեր տեղն էլ, մեր դերն էլ: Որեւէ մեկը իրավասու չէ մեզ ուղղորդելու: ԲՀԿ-ն միանշանակ դեմ է այդ առաջարկվող փոփոխությանը»:
Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հեգնեց. «Մեր հոգատարությունը մի՛ սահմանափակեք»:
Կարդացեք նաև
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, արդյունքում, եթե այն ընդունվի, որեւէ հարց, եթե մեծամասնությունը դեմ է՝ չի քննարկվելու, իսկ եթե փոքրամասնությունը դեմ է, քննարկվելու է, եթե այդպես է ուզում մեծամասնությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ