Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած գազիֆիկացում

Դեկտեմբեր 17,2012 15:19

2007թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանից «Անանիա Շիրակացի» շքանշան ստանալիս Ոսկեվանի գյուղապետ (այժմ՝ նախկին) Էմմա Հակոբյանը նախագահից խնդրել էր գյուղի գազիֆիկացման հարցը լուծել: 2010թ. Ոսկեվանին կից ՝ Բաղանիս գյուղի ծայրին գործարկվեց ավտոգազալցավորման ճնշման կայան, սակայն սահմանամերձ Բաղանիսն ու մյուս գյուղերն առանց գազի մնացին:

Ներկայումս ընթանում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Բարեկավանի, Կոթիի, Ոսկեվանի, Բաղանիսի գազիֆիկացման աշխատանքները: 2013թ. կսկսվի Ոսկեպարի եւ Ջուջեւանի գազիֆիկացումը: Խորհրդային տարիներին Ոսկեպարը գազ էր ստանում Ադրբեջանից դեպի Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող Յուխարի Աքսիբարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) մտնող գազատարից եւ դրա համար չէր վճարում: Սահմանամերձ մյուս գյուղեր մտնող գազատարի շինարարությունն ընթացքի մեջ էր, Խորհրդային Միության փլուզման հետեւանքով այն այդպես էլ չգործարկվեց, խողովակները վաճառվեցին:

Այժմ գազիֆիկացման աշխատանքները իրականացվում են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի(IFAD) ֆինանսավորմամբ : Համայնքները պետք է այդ ծրագրում 10 տոկոս ֆինանսական ներդրում կատարեն, սակայն համայնքները դրա համար միջոցներ չունեն: Անտառամերձ այդ համայնքները Հայաստանի անկախացումից հետո ջեռուցման համար վառելափայտ են օգտագործում: Այդ համայնքների բնակչության զգալի մասը կարիքավոր է:

Ադրբեջանին սահմանակից գյուղերի ղեկավարները «Առավոտի» թղթակցին հայտնեցին,որ բնական գազը թանկ է վառելափայտից, բնակչությունը կշարունակի տները ջեռուցել փայտով, իսկ բնական գազ կօգտագործի մանր կարիքների՝ կերակուր պատրաստելու, ջուր եռացնելու եւ այլնի համար: Գործարկվելիք գազատարը կմտնի «ՀայՌուսգազարդի» հաշվեկշիռ:

Միգուցե ծրագրի տնտեսապես ոչ ձեռնտու լինելով է պայմանավորված, որ Հայաստանի ստացած վարկերի հաշվին, միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ կառուցվող գազատարը անհատույց տրվելու է շահույթ հետապնդող կազմակերպությանը:

Հավելենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից գյուղերը՝ Դեբեդավանը, Բագրատաշենը, Պտղավանը Դեղձավանը դեռեւս գազիֆիկացված չեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31