Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայր Ռուբենը՝ Նաիրի Հունանյանի մասին. Որպես հոգեւորական ասել եմ, որ փրկության ճանապարհը զղջալն է

Դեկտեմբեր 17,2012 14:46

Արդեն 20 տարի է՝ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մուտք ունեն Քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ): Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի ՔԿՀ բաժնի հոգեւոր պատասխանատու տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը, որը Կենտրոն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների հետ է շփվում, նշում է, որ կալանավայրերում մարդիկ երբեմն ավելի լավ են ընդունում հոգեւորականին, քան ազատության մեջ գտնվողները: «Երբ մարդը գտնվում է ազատության առումով սահմանափակ տարածքում, ավելի ընկալունակ է դառնում հոգեւորի նկատմամբ, հոգեւորականն էլ սպասված է լինում ՔԿՀ-ում»,- կարծում է մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցին՝ դատապարտյալներն իրեն բանտային արվեստի նմուշներ նվիրո՞ւմ են, տեր Ռուբենը պատասխանեց. «Սկզբնական շրջանում թզբեհ էին նվիրում, նկարներ…հիմա մենք ենք հիմնականում Երուսաղեմից բերված օրհնված փոքր խաչեր տանում իրենց, նաեւ սրբապատկերներ»:

Հոգեւորականը նշեց, որ ներկայումս բոլոր ՔԿՀ-ներն ապահովված են Ավետարաններով, ինչը հնարավոր է դարձել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ՝ կանադահայ Մուրադ Կարագաշյանի ֆինանսավորմամբ: «Դատապարտյալները հոգեւոր խնամքի կարիք ունեն, բայց այնպես չէ, որ դավանաբանություն բացատրես: Հոգեւոր խնամքի լավագույն ձեւերից մեկը ծիսական կարգն է՝ պատարագներ, ժամերգություն, հոգեհանգիստ, ընդհանրական եւ անհատական զրույցներ»:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործով բանտարկյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, հայր Ռուբենն ասաց, որ Կարեն Հունանյանին տեսել է ընդամենը մեկ անգամ ու Ավետարանը դրել սեղանին, որովհետեւ նա չի ցանկացել շփվել հոգեւորականի հետ: Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանին, հոգեւորականի ասելով. «Նաիրին ինքն էր կանչել իր մոտ: Մեր միջեւ ընդամենը զրույց է եղել, ես որպես հոգեւորական իրեն պարզապես ասել եմ, որ որեւէ մեկի առաջ չկա փակ ճանապարհ փրկության առումով, բայց փրկվելու ճանապարհն էլ խորությամբ մեղքի գիտակցություն է եւ զջալը, այսինքն՝ փորձել բաժանվել այն հանցանքից, որի համար զղջում ես: Ե՞րբ է մարդը անզիղջ, երբ մեղքն ու մեղավորը նույնացած են: Ի դեպ, Նաիրի Հունանյանը մկրտված չէր, ցանկություն չի դրսեւորել մկրտվելու»:

Հոգեւորականից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում դատապարտյալներին ծեծի ենթարկելու արդյունքում բողոքի ցույցին միացած վրաց հոգեւորականների մասին:

«Ցույցերի մասնակցության վերաբերյալ ունեմ իմ վերաբերմունքը. եթե ես կարող եմ խնդիրներին լուծում տալ, հարց բարձրացնել տարբեր ատյաններում, ցույցի կարիք չկա: Իսկ եթե քո խոսքը ձայն բարբառո հանապատի է, քեզ խանգարում են, որ աշխատես, բնականաբար պետք է ձայնդ այլ ձեւով բարձրացնել: Բազմիցս ասվել է, որ դատապարտյալի նկատմամբ կտտանքներն ու իրավունքները խախտելն անընդունելի են մեր եկեղեցու կողմից: Այսօր մեր ՔԿՀ-ներն իրենց շենքային պայմաններով չեն համապատասխանում որոշակի չափանիշների, բայց մենք որպես հասարակություն պատրա՞ստ ենք մեր գրպանից լուրջ գումար տրամադրել, որպեսզի դրանք բարելավվեն»,-նշեց հոգեւորականը:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31