«Իշխանությունները ձգտում են մաքրել քաղաքական դաշտը, որ հաղթեն գալիք նախագահական ընտրություններում: Ի հայտ են եկել մարդիկ, ովքեր քաղաքական դաշտում անհայտ են, ոչ մի կերպ չեն երեւացել, ոչ մի տեղ չեն աշխատել։ Ընտրությունների ժամանակ դիմակահանդես է լինելու, իսկ որոշ մարդիկ արդեն սկսել են իրենց դիմակները հանել։ Միեւնույն է՝ այս ընտրություններից հետո էլ երկրում ոչինչ չի փոխվելու: Նախագահի ընտրությունը եւս՝ ազգակցական ընտրությունների պես է անցնելու»,- այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հետ կապված՝ ՀԿԿ-ն դեռեւս որոշում չի կայացրել, նշեց Թովմասյանը, հավելելով, որ մինչեւ այս տարվա ավարտը կկողմնորոշվեն:
Թովմասյանն անդրադարձավ նաեւ ընտրությունների հետ կապված՝ ԲՀԿ-ի հայտարարությանը, ասելով հետեւյալը. «Միակ ժամանակահատվածը, որը չես կարող վերլուծել, դա ներկան է, որովհետեւ ներկան հետո է երեւում։ Ւսկ ԲՀԿ-ի ընտրողներին պետք է անպայման պատասխան տրվի։ ԲՀԿ-ն այս հարցի շուրջ պետք է մտածի»: Ըստ նրա, ԲՀԿ-ի համակիրներն իրենց ձայնը կտան նրան, ով ավելի շատ փող կառաջարկի իրենց:
Կարդացեք նաև
ՀԿԿ առաջին քարտուղարի խոսքով՝ մարդիկ կորցրել են ամոթի զգացումը, կեղծ խոստումներ են տալիս ու չեն կարմրում, չնայած կա լուրջ ու մտահոգիչ խնդիր, որն էլ արտագաղթն է: Իսկ ընտրությունների ժամանակ զարմանալի թվեր են ներկայացնում, մինչդեռ՝ այդքան մարդ չկա Հայաստանում. «Ընտրությունների ժամանակ կեղծիքներ, բնականաբար, կլինեն, քանի որ բացակայում են նպատակային ծրագրերը, որոնց շնորհիվ երկիրը հնարավոր է վերականգնել։ Շոուն կշարունակվի, ստերի տոպրակը նորից կբացվի: Իսկ Հայաստանին կարող է փրկել միայն սոցիալիստական համակարգը»։
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ