Նախորդ տարվա համեմատ` այս տարի գրիպի հիվանդացությունը մոտ 1.1 անգամ նվազել է. այս տարի հիվանդացության վիճակը բավականին կայուն է: Այսօր «Հենակետ» ակումբում այս մասին հայտնեց ՀՀ Ան պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Ըստ համաճարակաբանության բաժնի պետի` փակ տարածքում, վատ օդափոխվող սենյակում երկար մնալը կամ եղանակին անհամապատասխան հագնվելը կարող են հանգեցնել տարբեր սուր շնչառական հիվանդությունների, որոնցից, թերեւս, ամենատարածվածը գրիպն է:
Տիկին Ավետիսյանի հավաստմամբ` գրիպի հարուցիչները ակտիվանում են հատկապես ցուրտ եղանակին եւ սեզոնային բնույթ են կրում:
«Եղանակային պայմաններից ելնելով` գրիպի հարուցիչները ակտիվանում են, որին գումարվում է նաեւ եղանակին ոչ համապատասխան հագնվելը: Եթե մարդը մրսում է, կամ թեթեւ է հագնված, նրա իմունիտետը անկում է ապրում, եւ նրա կողմից տարբեր վարակներ ձեռք բերելու հավանականությունն ավելի է մեծանում»,-ասաց համաճարակաբանության բաժնի պետը` հավելելով, որ շաբաթական իրականացված մոնիթորինգը իրենց թույլ է տալիս գրանցել հիվանդացության շարժընթացը:
Կարդացեք նաև
«Մոտ 70% գրիպով հիվանդները մինչեւ 14 տարեկան երեխաներն են, որովհետեւ փոքրիկների մոտ իմունիտետի խնդիր կա: Չնայած որոշ մեծահասակների մոտ էլ է նկատվում նույն խնդիրը: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես փակ հաստատությունները` ծերանոցներն ու մանկատները»,- տեղեկացրեց տիկին Ավետիսյանը` կոչ անելով հանրությանը գրիպի առաջին իսկ ախտանիշները նկատելու դեպքում դիմել բժշկի եւ ինքնաբուժությամբ չզբաղվել:
«Եթե ունեք գլխացավ, մկանային ցավ, ընդհանուր թուլություն, ջերմություն, հարբուխ, խորհուրդ եմ տալիս անհապաղ դիմել բժշկի, որովհետեւ ինքնաբուժումն ու հակաբիոտիկների օգտագործումը ոչ մի օգուտ չեն տա, քանի որ գրիպը վիրուսային ծագման հիվանդություն է: Ամեն մեկն ունի իր օրգանիզմի առանձնահատկությունները, եւ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի: Եթե մի օրգանիզմի դեպքում որեւէ դեղամիջոց օգտակար է, ապա մյուսի դեպքում, հաշվի առնելով զուգորդող հիվանդությունների առկայությունը, նույն դեղամիջոցը կարող է վնաս պատճառել»,-նկատեց տիկին Ավետիսյանը ու ընդգծեց, որ հազալու կամ փռշտալու ժամանակ պետք է անպայման բերանը փակել ու ձեռքերը որքան հնարավոր է հաճախ լվանալ:
Համաճարակաբանության պետի կարծիքով` գրիպից խուսափելու համար, բացի տաք հագնվելուց ու ձեռքերի հիգիենան պահպանելուց, նաեւ արդյունավետ է շատ միրգ ու բանջարեղեն օգտագործելը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ