«Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, գոնե դա հաշվի առեք»,- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ նիստում այսպես կանգնեց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի «թասիբին»՝ թույլ չտալով, որ ՀՅԴ պատգամավորները նրան հարցերով «խեղճացնեն»:
Իսկ ՀՅԴ պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչու է Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էթիկայի հանձնաժողովի կազմը փոխելու նախաձեռնությունը:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ «Ձեզ ի՞նչ, թե ով է ներկայացնում: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի իր առաջարկն անի: Մենք ենք որոշում, թե ով պետք է ներկայացնի, մեր խմբակցությունն է որոշում: Ձեր ի՞նչ գործն է: Ուզում եք 5 հոգով 70 հոգուն բան պարտադրե՞լ: Բացառված է, բացառված: Հանգստացե՛ք»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղից սա գնահատեց որպես Հովիկ Աբրահամյանի սիրո խոստովանությունը՝ Արփինե Հովհաննիսյանին. «Սիրո խոստովանություն չի, պարոն Ռուստամյան: Ընդամենը ՀՀԿ-ն քննարկել է այս առաջարկությունը: Ընդամենը այսքանը»:
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը անսալով Հովիկ Աբրահամյանի հորդորին, այս անգամ Արփինե Հովհաննիսյանին դիմեց այսպես. «Հարգելի օրիորդ Հովհաննիսյան, ուզում եք այս մի մարմինն էլ ոչնչացնեք, չգործի՝ կստանաք»: Հովիկ Աբրահամյանը նրան կոռեկտության կոչ արեց:
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանին հետաքրքրում էր, թե Դավիթ Հարությունյա՞նն ուր է, նա ինչո՞ւ չկա: «Ձեզ ի՞նչ ուր է»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն: Վահան Հովհաննիսյանն էլ տեղից մի ռեպիկ արեց, ինչին ԱԺ նախագահը այսպես արձագանքեց, «Էդ ահաբեկո՞ւմ եք: Մի անգամ ահաբեկեցիք՝ տեսանք որտեղ հայտնվեցիք, հիմա ի՞նչ եք ուզում»:
Հովիկ Աբրահամյանը առաջարկեց նաեւ ստուգել ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանի լսողությունը, քանի որ նա էլ միջամտեց ու ըստ Հովիկ Աբրահամյանի, սխալ բաներ էր լսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի