Լրահոս
Օրվա լրահոսը

«Էթնայի» մոտ տեղի ունեցած սպանության գործով 3-ի կալանքը փոխել են

Դեկտեմբեր 17,2012 13:43

Հոկտեմբերի 18-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում դաժանաբար սպանվեց 27-ամյա Արսեն Շահբազյանը:

Նույն օրը, ժ. 23.50-ի սահմաններում, Արսեն Շահբազյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «որովայնի ձախակողմյան շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 19-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ կատարվում է նախաքննություն, եւ 6 անձի նկատմամբ էլ՝ Կարեն, Արմեն, Վաղինակ Հարությունյանների, Անուշավան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի եւ Մ.Խառատյանի, ընտրվել է կալանավորում խափանման միջոցը:

Մ.Խառատյանն ու Վ.Հարությունյանը հետախուզման մեջ են:

Նախնական տեղեկատվության համաձայն, Ս.Սարգսյանի մեքենան բախվել է Ս.Հարությունյանի մեքենային: Նրանց միջեւ վեճ է սկսվել: Ս.Հարությունյանը կանչել է Արմեն, Կարեն եւ Վաղինակ Հարությունյաններին, նրանց ընկերոջը՝ Անուշավանին: Դաժանաբար ծեծել, ոտքերով, դանակով հարվածել են Արսենին՝ վերջինիս սպանել:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ տուժողի իրավահաջորդը՝ հայրը (ի դեպ, նրան իրավահաջորդ են ճանաչել սպանությունից մեկ ամիս հետո), դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին: Ըստ դիմումատուի, արարքի քրեաիրավական որակումը ճիշտ չի տրվել, այն պետք է որակվեր խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:

Ըստ տուժողի իրավահաջորդ Գ.Շահբազյանի` «Խմբի կողմից կատարած խուլիգանությունը միասնական հանցագործություն է: Այն, որ խմբի անդամները տեղյակ են եղել , ունեցել են նախնական համաձայնություն, խմբի անդամի կողմից խուլիգանական գործողությունների կատարման ժամանակ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ ունենալու եւ կիրառելու մասին, թույլ են տվել խմբի անդամների կողմից խուլիգանության ժամանակ դրանց գործադրումը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ խմբի անդամների գործողությունները ենթակա են որակման ՀՀ քրօրի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց նաեւ, որ Արաբկիրի դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հովհաննիսյանին, Կ.եւ Ա.Հարությունյաններին կալանքից անհապաղ ազատել եւ ստորագրություն ընտրել քաղաքից չբացակայելու մասին:

Նոյեմբերի 12-ին փոխվել է նրանց խափանման միջոցը:

«Մեկ ամիս տեւած նախաքննությունը ձեւական բնույթ է կրում: Կայացված որոշումները թվագրված են այնպիսի ժամանակներով, երբ սպանությունը տեղի չէր ունեցել»,-ասում է Վ.Էլբակյանը:

Գործում կա ուշագրավ մի փաստաթուղթ էլ. Ս.Աբովյանին ուղարկել են փորձաքննության, սակայն հարց են տվել ոմն Հայկ Ստեփանյանի, թե թմրամիջոցը ինչ եղանակով է օգտագործել:

Տուժողի իրավահաջորդը բողոքել էր ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի գործողությունների դեմ, սակայն նրանց բողոքը ուղարկվել է կրկին նշյալ քննչական բաժին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31