Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 1-ին «Դինո գոլդում» տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցվել է 2 մլն 4 հազար 800 դրամի վնաս

Դեկտեմբեր 17,2012 13:41

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել է դեկտեմբերի 1-ին Deno Gold Minig ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբար տանող պոչատար խողովակաշարի վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի հաշվարկումը: Ըստ Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի` շրջակա միջավայրին հասցրած ընդհանուր վնասի չափը կազմում է 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ:

«Չորս ժամ տեւած վթարի հետեւանքով մոտ 128 տոննա ապարախյուս էր լցվել շրջակա միջավայր եւ Գեղանուշ գետ, որտեղից էլ թափոնաջրերը լցվել էին Ողջի գետ: 30 ք.մ հողատարածքի աղտոտվածության եւ ջրային ռեսուրսների հասցրած ընդհանուր վնասը կազմել է 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ: Իսկ նոյեմբերի 15-ին նույն պոչատար խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին` մոտ 280 ք.մ հողատարածքին, հասցված վնասը, որը կազմել էր 2 մլն 280 հազար դրամ, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունն արդեն վճարել է», -«Առավոտին» տեղեկացրեց Լեւոն Պետրոսյանը:

Deno Gold Minig ընկերությունը տարածած մամլո հաղորդագրության մեջ նշել էր, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի արտահոսքի հավանական պատճառը, ըստ իրենց կողմից արված նախնական ուսումնասիրության, սաբոտաժն է:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Թադեւոսյանից տեղեկացանք, որ ընկերությունը դեպքի առնչությամբ իր ձեռքի տակ ունեցած փաստերով դիմել է Սյունիքի մարզի դատախազություն` քրեական հետաքննություն սկսելու նպատակով, տեղեկատվություն է տրամադրվել նաեւ ոստիկանության Կապանի բաժնին: «Ընկերությունում ուժեղացվել են անվտանգության միջոցները ՝ ապագայում սաբոտաժի դեպքերը կանխելու համար:

«Դինո գոլդը» մոտ ապագայում կկիրառի նոր լրացուցիչ անվտանգության համակարգ, որը կնվազեցնի ապագա ռիսկերը: Ընկերության ղեկավարությունը հրավիրել է բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին` 2 շաբաթը մեկ այցելություններ կազմակերպելու եւ պոչամբարն ու պոչատար խողովակաշարը ստուգելու համար», – փոխանցեց Գայանե Թադեւոսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31