Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել նրա կնոջը՝ արվեստի հետ ոչ մի կապ և անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանին: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում մանկավարժական բարձրագույն կրթություն, որն Աննա Մնացականյանը չունի: Աննա Մնացականյանը չէր համապատասխանում նաև մրցույթի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջներին. ըստ ՀՀ ԿԳ նախարարի 13.03.2008 թ-ի N 60-Ն հրամանի հավակնորդը պետք է ունենար կրթության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում), կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ: Սակայն 2012 թ-ի հոկտեմբերի 10-ին հրամանում կատարվել է փոփոխություն` «կրթության ոլորտում» բառերը հանվել են տեքստից և նույն օրը Աննա Մնացականյանը նշանակվել է Թերլեմեզյանի տնօրենի ԺՊ:
Ստեղծված դրությունն արդարացի բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողության շարքերում, դասախոսական կազմում, ինչպես նաև արվեստագետների ու արվեստասերների լայն շրջանում:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ոգին, մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, մենք պահանջում ենք, որ
- քոլեջի տնօրենի ընտրության գործում հարգվեն օրենքի պահանջները, տվյալ պարագայում` տնօրենի բոլոր թեկնածուները համապատասխանեն ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման մեջ նշված չափանիշներին:
- Քոլեջի ուսանողներն ու դասախոսները, որպես կրթության սուբյեկտներ, որոշիչ ձայն ունենան տնօրենի ընտրության գործում:
Կարդացեք նաև
Մենք գտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի լրացման համար մրցույթն անցել է խախտումներով, մասնավորապես, մրցույթն անցած թեկնածուներից մեկը` քոլեջի տնօրենի ներկայիս պաշտոնակատարը, ընդհանրապես չի համապատասխանում օրենքի պահանջներին: Ավելին, մրցույթում ուսանողներին ու դասախոսներին ներկայացնող մարդիկ չեն արտահայտում քոլեջի ուսանողների ու դասախոսների ընդհանուր կարծիքը` նրանց ընտրությունը տեղի է ունեցել ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավարական ձևով:
Ս.թ. հոկտեմբեր ամսից սկսած` հարյուրավոր ուսանողներ ու տասնյակ դասախոսներ բողոքի ակցիաներ են անցկացրել խնդրի շուրջ, նամակ են հղել Կրթության ու գիտության նախարարին, ստորագրահավաք են կազմակերպել, հանդիպումներ ունեցել: Ի պատասխան մեր արդար պահանջներին, փոխանակ խնդրին օրինական և ժողովրդավարական լուծում տրվելու, ըմբոստացող ուսանողներն ու դասախոսները ճնշումների են ենթարկվում և ահաբեկվում տնօրինության կողմից:
Նախաձեռնող խումբը, հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, հազարից ավել արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հետևում են այս գործընթացին: Մինչև դեկտեմբերի 19-ը Կրթության և գիտության նախարարը պետք է կատարի քոլեջի տնօրենի նշանակումը: Հուսով են, որ նախարարը կհարգի ՀՀ Կառավարության որոշումը և օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը և անաչառ որոշում կկայացնի քոլեջի տնօրենի նշանակման գործում: Մեզ համար ընդունելի մյուս լուծումը կլինի նոր մրցույթի հայտարարումը, որին կմասնակցեն միայն Կառավարության վերոնշյալ որոշմանը համապատասխանող թեկնածուներ, իսկ մրցութային հանձնաժողովի կազմը կձևավորվի ժողովրդավարական սկզբունքներով` քոլեջի ուսանողների ու դասախոսների ընտրությամբ:
Հայտնում ենք, որ մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը` իրավական և քաղաքացիական ճանապարհով մեր պահանջների իրականացմանը հասնելու համար:
«Թերլեմեզյան» նախաձեռնություն