Օրերս «Հայկազունք» համույթը` գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունի գլխավորությամբ, վերադարձել է Ռուսաստանում տեղի ունեցած համերգային շրջագայությունից, որը կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Այս մասին այսօր` «Տեսակետ» ակումբում ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունը: Նա նշեց, որ յոթ հոգուց բաղկացած խումբը համերգներ է տվել Ուֆայում, Սամարայում, Օրենբուրգում եւ Կազանում. «Լեփ-լեցուն դահլիճներում համերգներ ենք հանդես եկել եւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ` նրանց համար այսպես ասած ճանաչողական գործառույթ կատարելով»:
Գուսանի խոսքով. «Ռուսաստանի հայ համայնքը ցրված է և, կարելի է ասել, նոր է կազմավորվում. այն չի կարելի համեմատել, ասենք, Լիբանանի հայ համայնքի հետ: Փաստացի այնտեղ առաջին անգամ էր ազգագրական երգերը ներկայացնող խումբ մտնում, իսկ շատերի համար այդ ամենը նոր էր: Ռուսաստանի հայ համայնքում հիմնականում միջակ երգիչներ կան, որոնք իրենց կապերով գումարներ են վաստակում, սակայն մեր խնդիրը ոչ թե գումար աշխատելն էր, այլ հայկական արվեստը ցույց տալը և հայության ոգին բարձրացնելեը: Ռուսաստանի հայ համայնքը կարոտ է ազգագրական երգին»:
Գուսան Հայկազունը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում «Հայկազունքը» համերգներով հանդես է գալիս Արցախի քաղաքներում, սահմանամերձ գյուղերում, ՀՀ մարզերի դպրոցներում, իսկ աշակերտները մշտապես մեծ ոգևորությամբ են դիմավորում և կատարում գուսանի երգերը:
Կարդացեք նաև
«Նախորդ տարի այս ժամանակահատվածում Բեյրութում էինք և Հալեպում, որտեղ մեր թռիչքի օրը խնդրեցին «Եսայան» կենտրոնում եւս մեկ համերգ տալ: Ներկա էր շուրջ հազար երեխա: Ուրախալի էր, որ նրանք ծանոթ էին ազգագրական երգերին եւ համերգի վերջում բեմ բարձրացան ու մեզ հետ կատարեցին «Գետաշենը», «Հայեր միացեքը»,-հավելեց բանախոսը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ