Կառավարության առաջարկով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի ընթացքում ընդունվեցին մի քանի օրենքներ՝ Շրջանառության հարկի, Լիցենզավորման մասին օրենքները, Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրինագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ կառավարության կողմից ներկայացաված Դրամարկղային գործառույթների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը՝ 67 կողմ, 8 դեմ, 28 ձեռնպահ՝ քվեարկությամբ:
Ընդերքի մասին օրենքում փոփոխություներ կատարելու օրինագիծն էլ ընդունվեց 66 կողմ, 7 դեմ, 32 ձեռնպահով: Հիշեցնենք, որ սա այն օրինագիծն էր, որի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեին անգամ ՀՀԿ-ականները: Կոնկրետ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար անընդունելի էին մի շարք ձեւակերպումներ եւ այդպես էլ պարզ չեղավ՝ այդ ձեւակերպումները փոխվեցի՞ն, թե՞ չէ:
Այս պահին քննարկվում է կառավարության ներկայացրած «արտահերթ» առաջարկը՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորման հետ կապված: Այն ներկայացնում է ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը միացել է նախագծին:
Կարդացեք նաև
Սա ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար տարօրինակ էր, թե Արփինե Հովհաննիսյանը, եթե չկա այդ հանձաժողովում, դրա հետ կապ չունի, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ միանալով նախագծին: ՀՅԴ պատգամավորի համար տարօրինակ էր նաեւ, թե ինչու հանձնաժողովում այս հարցն առանց քննարկելու այսպես հապշտապ մտցրել են օրակարգ:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, ես պետա-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ եմ, այո, պետք է հանձնաժողովում քննարկվեր: Բայց ժամանակային առումով պարտադիր չէ, որ դա քննարկվեր հանձնաժողովում: Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի վերջին փորձին, ինչը ցույց տվեց, որ էթիկայի հանձնաժողովը կարող է քաղաքականացվել, ինչը չպետք է արվի»:
Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ «Անձնական վրեժխնդրության հողի վրա եք բերում այս ամեն ինչը՝ կապված ՀՀԿ անդամի՝ էթիկայի հանձնաժողովում պահվածքի հետ»:
Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ թեժ խոսակցություն էր եղել:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար նույնպես անհասկանալի էր, որ թե ինչումն է արտահերթությունը այս հարցի. «Հատկապես, որ այդ հանձնաժողովը դեռ նոր է ստեղծվել, դեռ մի քանի նիստ է արել: Կառավարությունը ի՞նչ գործ ուներ, որ մտավ այս հարցի մեջ: Դա մե՛նք պետք է որոշենք: Հիմա Դուք ավելի չե՞ք քաղաքականացնում սա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի