ԿԸՀ-ն սահմանել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները` անկախ սեփականության ձևից, պետք է ներկայացնեն վճարովի եթերաժամի սակագինը: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը պետք է հրապարակեն ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո:
Սակայն Aravot.am-ի հարցումը մասնավոր հեռուստաընկերությունների շրջանում ցույց տվեց, որ նրանք առանձնապես չեն շտապում հրապարակել քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքի մասին տեղեկություններ: «Արմենիա» հեռուստաընկերության կոմերցիոն բաժնից մեզ տեղեկացրին, որ դեռ քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքի մասին հստակ տեղեկություններ չկան:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում արդեն կողմնորոշվել են: Մարքեթինգի բաժնից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ այս տարի քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանվել է 30.000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
«Կենտրոն» հեռուստաընկերությունից մեր գրավոր հարցմանը ի պատասխան տեղեկացրին. «ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, Կենտրոն հեռուստաընկերությունում հավասար պայմանների սկզբունքով, քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը սահմանվել է 32.400 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն»:
Կարդացեք նաև
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշում էր կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանել 80 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ: Նախագահական նախորդ ընտրությունների համեմատությամբ այս սակագները փոփոխության չեն ենթարկվել:
Նկատենք, որ Հանրայինի սահմանած սակագինը չի փոփոխվել 2008թ.-ի նախագահի ընտրությունների համեմատ: Նախորդ ընտրություններին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդի մեկ րոպեն սահմանված էր 130 հազար դրամ, «Շանթ»-ինը՝ 120 հազար դրամ: «Երկիր Մեդիա» և «ԱՐ» հեռուստաալիքներում քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքն էր 100 հազար դրամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ