Լրահոս
Օրվա լրահոսը

Դատ զուգարանի վերաբերյալ

Դեկտեմբեր 17,2012 12:12

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Նոյեմբերյանում հասարակական զուգարանի կառուցման հետ կապված դատավարություն: Հայցվորը Նոյեմբերյանի բնակիչ Սամվել Գիշյանն է, պատասխանողը՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը: Ս. Գիշյանը դատարանից պահանջում է արգելել քաղաքում հասարակական զուգարանի շինարարությունը: Վերջին նիստը կայացել է դեկտեմբերի 12-ին: Հայցվոր կողմը որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դատարանին միջնորդել է հետաձգել նիստը:

Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող, նախկին վարչական շրջանի կենտրոն հանդիսացող Նոյեմբերյան քաղաքում հասարակական զուգարան չկա, ինչը հարուցում է ոչ միայն քաղաքի, այլ նաեւ տարածաշրջանի բնակիչների դժգոհությունը:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մտադիր է իրականացնել իր վաղեմի խոստումը` քաղաքում գործարկել հասարակական զուգարան: Զուգարանը կառուցվում է «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ , ծրագրի արժեքը 6 միլիոն 172 հազար դրամ է, համայնքի ներդրումը՝ 4 միլիոն 349 հազար դրամ: Քաղաքապետն ասաց, որ քաղաքային մարզադաշտին կից կառուցվող զուգարանի շրջակայքի՝ 400 քառակուսի մետր տարածքի բարեկարգման համար ծրագրում գումար նախատեսված չէ:

Օրերս կայացավ քաղաքի գործարարների, ՀԿ-ների ղեկավարների հավաք, որի ժամանակ 140 հազար դրամ հանգանակվեց զուգարանի շրջակայքի բարեկարգման համար, այդ նպատակով հանգանակությունը շարունակվում է:

Դատարանում Սամվել Գիշյանի շահերը պաշտպանում են «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մառոզյանը եւ փաստաբան Մարտին Շիրինյանը: Խ. Մառոզյանն ասաց, որ Սամվել Գիշյանն իրենց ասոցացիայի անդամ է եւ դիմել է աջակցության խնդրանքով: Խնդիրը զուգարանի տեղն է: Մառոզյանը եւ Շիրինյանը «Առավոտի» թղթակցին ասացին, որ քաղաքապետարանն իրավունք չունի Սամվել Գիշյանին պատկանող արարողությունների սրահից ոչ հեռու, բաց սելավատարին միացող զուգարան կառուցել, որ առողջապահության նախարարության նորմատիվ ակտով հասարակական զուգարանը պետք կառույցներից առնվազն 50 մ հեռու լինի, մինչդեռ գործարկվող զուգարանը այդ օբյեկտից ընդամենը 16- 20 մ է հեռու: Նրանք նաեւ ոչ նպատակահարմար համարեցին զուգարանի տեղը, ըստ վերոհիշյալ նորմատիվ ակտի՝ հասարակական զուգարանը պետք է կառուցվի հասարակական մարդաշատ վայրում:

Սամվել Գիշյանն ասաց, որ թաղամասի բնակիչները բողոքի նամակ են գրել, որով իրենց դժգոհությունն են արտահայտում հասարակակական զուգարանի գործարկման հետեւանքով ստեղծվելիք հակասանիտարական վիճակի կապակցությամբ: Ս. Գիշյաննի վկայությամբ՝ այդ տարածքում կոյուղագիծ չկա, բաց սելավատար է: Գիշյանի խոսքերով՝ ինքը զուգարանի հետ կապված հարցումով դիմել է Տավուշի մարզի հիգիենիկ եւ հակահաճարակային տեսչություն, սակայն պատասխան չի ստացել, ջրմուղ-կոյուղու Նոյեմբերյանի ենթատեղամասն էլ տարածքում կոյուղագծի առկայության վերաբերյալ հակասական տեղեկություններ է տալիս: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը ասում է, որ այդտեղ կոյուղագիծ կա, այն փակ խողովակով ձգվում է ձորը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասում են, որ Սամվել Գիշյանին պատկանող հանդիսությունների սրահը օրենքով գրանցված չէ: Բացի այդ, նորակառույց զուգարանից քիչ հեռու մի քանի տարի առաջ Սամվել Գիշյանը հասարակական զուգարան է աշխատեցրել, որը հիմա քանդված է:

Դատավարությունը դեռ նախնական փուլում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31