ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի զրույցը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ անբարոյականություն համարեց ու ասաց, որ իր համար Զուրաբյանի արարքը սպասելի էր:
«Սպասելի բան էր, այդպիսի բաներ շատ են տեղի ունենում»,- Aravot.am-ին ասաց պարոն Գիմիշյանը:
Անդրադառնալով զրույցի այն հատվածին, երբ Զուրաբյանը ասում է, թե Նիկոլ Փաշինյանն էլ, Բագրատյանն էլ պատրաստվել են ոչնչացնել ԲՀԿ-ին, մեջբերում ենք. «Նայի շատ հեշտ կլինի, եթե ասենք Լեւոնը չի առաջադրվում, սկսվում ա թե ինչ մարտավարություն ա պետք: Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու, ասելու են դնենք մորթենք սաղին», պարոն Գիմիշյանն ասաց. «Ի՞նչը մորթեն, գործընկերների մասին այդպիսի բառերով ո՞նց կարելի է արտահայտվել, վայրենի՞ են Նիկոլ Փաշինյանն ու Բագրատյանը: Ես էլ էի դեմ ԲՀԿ-ի հետ միասնական մոտեցումներ ցուցաբերելուն, որովհետեւ հավատ չի ներշնչում, ինձ համար ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի եղել: Մի բանով բնորոշեցի այդ ամենը, անբարոյականություն եմ համարում»:
Պարոն Գիմիշյանը զարմանում է նաեւ Օսկանյանի հետ զրույցում պարոն Զուրաբյանի անդրադարձին մարտի 1-ի վերաբերյալ: Հիշեցնենք, պարոն Զուրաբյանն ասել էր. «… ԲՀԿ-ի հետ մենք կարանք գնանք սդելկաների, չնայած իրանք էլ են մարտի, չգիտեմ ինչ, բան, հարցեր կան ավելի լավ ա ռեժիմից պոկենք»:
Կարդացեք նաև
«Մի մարդ, որը կողմնակից է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, պարզ է, որ մարտի մեկն այդպես պետք է գնահատի: Ես չեմ ուզում մեկնաբանել, նողկալի, զզվելի տպավորություն է թողնում»,- ասաց պարոն Գիմիշյանը:
Ինչ վերաբերում է Զուրաբյանի դիտարկմանը, թե ներսից իրանք են գործելու (նկատի ունի Բագրատյանին եւ Փաշինյանին) դրսից միշիկները եւ ՀԱԿ-ից դուրս եկածները՝ Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան եւ ուրիշներ, պարոն Գիմիշյանը հակադարձեց. «Թշնամու պես է վերաբերվում գործընկերներին: Ինքը պատերազմի է դուրս եկել իր թիմի դեմ: Ո՞ւմ է ծառայում ինքը, ո՞ւմ պատվերն է կատարում: Ուշ թե շուտ բոլորի դեմքը բացվում է, ինչքան կարելի է սուտն ու կեղծիքը թաքցնել: Մի լավ խոսք կա ՝40 օր: Ես ցավում եմ, որ նա հանդիսանում է ՀԱԿ-ում նախագահի ամենավստահելի մարդը: Այսքան բանից հետո նախագահը պետք է որոշի՝ ինչ կարգավիճակում է նա մնալու, շարունակելո՞ւ է մնալ համակարգող: ՀԱԿ-ում հեռացման մեթոդ գոյություն չունի: Եթե հնարավորություն լիներ հեռացնելու , գուցե շուտվանից ինձ էլ, Նիկոլ Փաշինյանին էլ Բագրատյանին էլ ուրիշ մարդկանց էլ, ում որ չեն սիրում ում կարծիքի հետ համամիտ չեն հեռացրած կլինեին»:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տարածվել է Օսկանյանի եւ Զուրաբյանի մասնավոր զրույցի ապօրինի արված ձայնագրությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ