Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պապական հարուստ ենք… Քաղաքապետ եղած ժամանակ էլ ես անձամբ բիզնեսի մեջ եմ եղել»

Դեկտեմբեր 17,2012 09:25

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով  զրկվեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին, նախագահի ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Վարդան Ղուկասյանի հետ:

– Պարոն Ղուկասյան, Դուք այլևս Գյումրիի քաղաքապետ չեք և ՀՀԿ Գյումրիի կառույցի նախագահը չեք, առաջիկա նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելո՞ւ եք:

– Միանշանակ:

– Փաստացի ինքը, չէ՞, Ձեզ զրկեց և՛ Գյումրիի քաղաքապետի պաշտոնից, և՛ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից:

– Ո՛չ, ինքը չի զրկել: Ուղղակի ես ցանկություն չեմ ունեցել, մի քիչ հանգստանալ եմ ուզում, որպեսզի իմ տեղը շատ երևա:

– Իսկ ի՞նչ ձևով եք սատարելու, կասե՞ք:

– Ինչ ձևո՞վ, քաղաքակիրթ ձևով: Ընտրություն ոնց են իրականացնում, էդպես:

– Քանի որ Դուք հիմա ՀՀԿ խորհրդի կազմում չկաք…

– Խորհրդի կազմն ընդհանրապես ի՞նչ կապ ունի: Մարդու հեղինակությունը կապ ունի և հարգանքը կապ ունի, թե իրեն ինչքան մարդ կլսի և իր խոսքն ինչքան հեղինակություն կունենա իր մարզում, իր քաղաքում, իր երկրում: …Ուղղորդելու ենք դեպի երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, որին և պաշտպանելու ենք:

– Պարոն Ղուկասյան, հնարավո՞ր է այդպիսով հույս ունեք վերադառնալ Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հաջորդ ընտրություններում:

– Ճիշտն ասած, ես էդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, դա պիտի ժողովուրդն ասի: Ժողովուրդը պետք է ցանկություն ունենա, եթե ինձ շատ ստիպեց, բացի դրանից, ես տեսա` ոնց են ղեկավարում էս քաղաքը, իմ թողածը ոնց են տնօրինում և քաղաքը ոտքի է կանգնում, թե ոչ, նոր ես իմ խոսքը կասեմ: Հիմա ես ասելու բան չունեմ այդ հարցի կապակցությամբ:

– Պարոն Ղուկասյան, երբ Դուք լքեցիք քաղաքապետի պաշտոնը, ասացիք, գնում եք բիզնեսով զբաղվելու, հիմա ինչպե՞ս է Ձեր բիզնեսը:

– Չեմ ուզում ասել, կարող է աչքով տաք: …Ես 8-րդ դասարանից բիզնեսով եմ զբաղվել: Քաղաքապետ եղած ժամանակ էլ ես անձամբ բիզնեսի մեջ եղել եմ, սեփականատեր եմ եղել: Փառք Աստծո, ավելացրել ու ավելացնում եմ մինչև հիմա: Ես հաջողակ մարդ եմ: Քարը որ գնամ, կանաչ կբուսնի իմ ճանապարհին:

– Քաղաքապետ եղած ժամանակ բիզնեսով զբաղվե՞լ եք:

– Բա ինչ եմ արել: 200 հազար դրամով մարդ չի կարող ապրել էսօր: Ես եղել եմ Շիրակի մարզի ամենամեծ ֆերմերը 96 թվականից:

– Բայց չգիտեի՞ք, որ օրենքով արգելված է, իրավունք չունեիք բիզնեսով զբաղվելու:

– Ո՛չ, քաղաքապետերին արգելված չի, որ մարդը կարող է սեփականություն ունենա, դա ԱԺ-ում է արգելված:

– Պետական պաշտոնյա է քաղաքապետը, իրավունք չունի:

– Սեփականատեր նա կարող է լինի, տնօրենը աշխատի:

– Պարոն Ղուկասյան, ոմանք ասում են` Դուք ամենաշատը Գյումրին եք սիրում, քանի որ այդ քաղաքը Ձեզ ամենաշատը հարստացրեց…:

– Մենք պապական հարուստ ենք: Մեր ունեցվածքը, որ խորհրդային տարիներին խլվեց իմ պապերից, որ հետ վերցնեմ, էսօր դուք Գյումրիի ստադիոնն էլ չեք ունենա: Եվ էստեղ շատ կառույցներ կան, որ եղել են իմ պապերի սեփականությունը և, փառք Աստծո, որ մենք էսօր չէ, որ հարուստ ենք: Ես որ դարձա քաղաքապետ, մեծ, հարուստ մարդ էի` ջիպերով, տներով, անասնապահական ֆերմաներով, կոոպերատիվներով, ատրակցիոններով, խանութներով, շուկաներով,  Ռուսաստանում և արտասահմանում բիզնես ունենալով: Բոլորը լավ գիտեն, թե իմ ամբողջ էդ եղած-չեղածը ես երբ եմ ձեռք բերել: Մարդիկ կան, որ պատահական ձեռք բերեցին, դա այլ բան է:

– Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը` չառաջադրվել նախագահի ընտրություններում:

– Շատ ճիշտ է արել: Մարդը (Սերժ Սարգսյանը.- Մ.Խ.) հինգ տարի աշխատել է, երկրորդ հինգ տարին էլ պետք է ինքը աշխատի, որովհետև հինգ տարվա աշխատածը չի երևա, եթե մարդը չկարողանա տասը տարի աշխատել: Ընդհանրապես տեղական ինքնակառավարումում էլ չեմ ընդունում, որ արագ-արագ մարդիկ փոփոխությունների են ենթարկվում: Մինչև խորանում են, մինչև աշխատում են, կիսատ գործեր են մնում: Ես գտնում եմ, որ շատ ճիշտ է արել, և այսօրվա երկրի նախագահը շատ ճիշտ ղեկավարում է, շատ ճիշտ է, մենք պետք է բռունցքված լինենք: Մի ազգ էսքան բաժանելը, ես գտնում եմ սխալ: Մենք պետք է բռունցքված լինենք, ժամանակ տանք ու խոչընդոտ չհանդիսանանք ոչ մեկին:

– Կարծում եք, եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր, Սերժ Սարգսյանը հնարավորություն չէ՞ր ունենա շարունակել պաշտոնավարել որպես նախագահ:

– Չէ՛, էդպիսի բաներ ես չեմ ասում: Ես գիտեմ, որ առաջադրվեր էլ, Սերժ Սարգսյանը կհաղթեր:

– Պարոն Ղուկասյան, նախկինում լարված հարաբերություններ ունեիք ԲՀԿ հետ: Դուք ԲՀԿ-ին մեղադրեցիք Ձեր աղջկա նշանածի սպանության ժամանակ: Հիմա Ձեր հարաբերություններն ինչպե՞ս կբնութագրեք:

– Ես, ճիշտն ասած, ԲՀԿ-ին չեմ մեղադրել: Ես մեղադրել եմ պահի տակ, կասկածանքի տակ, խոսք ենք ասել անհատի հետ կապված ինչ-որ քաղաքական պայքարի ժամանակ: Երբ ընտրություններ են գալիս, ինչ-որ բաներ են ստացվում, ես էդտեղ կասկածանքներ ունեմ քաղաքականության հետ: Իսկ ինչ մնում է` հստակ ասել` մեղադրում եմ էսինչ կուսակցությանը, էսինչ ղեկավարին, ես հստակ էդպես բան չեմ ասել: Իսկ եթե ասել էլ եմ, կարող է դրանց միջի անհատի մասին եմ ասել: Գյուղ չկա, որ լավն ու վատը չլինի:

– Իսկ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետն այսօր ինչպե՞ս է ղեկավարում քաղաքը, Ձեր կարծիքով:

– Ճիշտն ասած, ես հիմա կարծիք չեմ կարող հայտնել: Թե ԲՀԿ-ական է, թե հանրապետական է, թե չգիտեմինչական է այսօրվա քաղաքապետը, իրեն հարց տվեք, բայց ես կողքից անպայման նայելու եմ իր կատարած աշխատանքին, որովհետև ես հսկայական ամագ ունեմ էս քաղաքի վրա և անպայման հետևելու եմ, թե ինչ են անելու և իմ կարծիքը հայտնելու եմ:

– Փաստորեն, Ձեր տղայի աշխատակիցներն էլ են այսօր աշխատավարձ պահանջում քաղաքապետարանից:

– Իմ տղան աշխատակից չունի: Դա ձեր լրատվականի սարքած հերթական հերյուրանքներն է: Դա «Գյումրեցի ընկերներ» կառույցն է, որն անկախ կառույց է, և այդ մարդիկ աշխատել են և, ցավոք սրտի, աշխատավարձ չեն ստացել: Իրենք հսկայական պարտք են էդ կառույցին, ինչքան ես գիտեմ, և իրենք պետք է տալիք անեն, որ այդ մարդկանց աշխատավարձը տան, մինչև դատ-դատաստանը: Լավ կլինի, որ դատարաններում չհայտնվեն, այլ կոմպրոմիսի գնային, և էդ կառույցներին նորմալ, առանց քաղաքապետարանը տրաքացնելու, ոնց որ ես էի տալիս պարտքերը, չափի մեջ հավաքագրում էի եկամուտները ամսական 100-150 մլն, և ութ ամսվա ընթացքում կարելի էր էս պարտքերը փակել: Էսքան աղմուկ, էսքան աղաղակ, էսքան վայնասունը ավելորդություն եմ համարում: Եթե տան դատարան, դատարանը վճիռ կայացնի և հաշվի վրա կալանք դնեն, և երբ որ էդքան գումարը կտանեն, իհարկե էդտեղ պրոբլեմ կառաջանա: Բայց քաղաքապետարանն այսօր կարող  է ամսական 50-70 մլն դրամով իր պարտքերը փակել, բացի իր պարտադիր պատվիրակված լիազորություններից: Ոնց որ մենք էինք անում 13 տարի: Հեչ լսե՞լ եք, որ ես էսպես աղմուկ բարձրացնեմ: Բա ոնց եմ պահել առանց կրճատումների, մարդ չեմ կրճատել, ժողովրդին պահել եմ, աշխատավարձի բարձրացում եմ արել: Իսկ եթե չգիտեն` ոնց անել, միշտ պատրաստ եմ խորհուրդ տալու, ասելու, թե ոնց անեն, ինչ անեն, ոնց հավաքագրեն սեփական եկամուտները առանց լացի, առանց ողբի:

www.1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31