Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վերնախավի միակ հետադարձ կապը ժողովրդի հետ կաշառքն է»

Դեկտեմբեր 16,2012 20:06

Այսօր նոր ձևավորված «Նախախորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչներն իրենց առաջին արտագնա նիստը անցկացրեցին Գյումրիում, որից հետո խմբի 4 անդամներ մամուլի ասուլիս հրավիրեցին` մանրամասնելով իրենց նպատակը ու վերլուծելով երկրում առկա քաղաքական իրավիճակը:

Նախաձեռնության համակարգող Գարեգին Չուքասզյանը նշեց, որ իրենց խումբը բաղկացած է 33 հոգուց և այնտեղ ընդգրկվել են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: «Այս նախաձեռնությունը ծնվեց անհրաժեշտաբար, որովհետև քաղաքական այն համակարգը, որը Հայաստանում ձևավորվել է, խորը ճգնաժամի մեջ է այս պահին, և ընտրությունների համակարգը, որը չի աշխատում: Մենք մտահոգությունից ելնելով ենք սկսել այսպիսի նախաձեռնություն՝ այլընտրանքային խորհրդարան և այլընտրանքային ընտրական գործընթաց: Մի պրոցես է սա, որը կարելի է ասել՝ ժողովրդից մեր այսօրվա վերնախավի կտրվելու պատճառով է առաջացել: Կարող ենք հետ գնալ և տեսնել, որ ժողովրդից կտրվեցին այն ժամանակ, երբ Արցախյան շարժման ներկայացուցչական վերնախավը, սկսած 95-96 թվականներից, նյութական միջոցների բռնազավթումից հետո՝ սկսեց իշխանության քաղաքական մենաշնորհումը: Եվ առաջին անգամ քաղաքական բնականոն պրոցեսներին երբ որ վերաթարմացում պետք է լիներ՝ հետադարձ կապի միջոցով ժողովրդին պիտի վերաթարմացներ իր վերնախավը, 95-96 թվականներին ուժային միջամտությամբ դա կանխվեց և նախադեպ ստեղծվեց, որը գնալով ահագնացավ: Էս ամբողջ տարիների ընտրական գործընթացներին միայն վատացավ էդ կապը, և այսօր փաստորեն ժողովուրդը օտարվել է իր վերնախավից , և իշխող վերնախավը չի արտահայտում ժողովրդի շահերը», – նոր շարժում սկսելու նպատակը այսպես բացատրեց Գարեգին Չուքասզյանը:

Ըստ նրա սա քաղաքացիական շարժում է , որի մեջ ընդգրկված են քաղաքացիական ակտիվիստներ, մտավորականներ, կայացած մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ ցույց են տվել անկաշառ լինելը: «Այստեղ ընդգրկված են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա վերկուսակցական շարժում է, մենք բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է վերստեղծել և վերակազմակերպել քաղաքական դաշտը: 3 հիմնական նպատակ պիտի ասեմ, որ մեր առջև կա. ստեղծել ազգային խնդիրների և նպատակների առաջադրմանը և իրականացմանը ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացը , առաջին նպատակը նոր Հայաստանի տեսլականն է: Դժբախտարաբար 88 թվականի Արցախյան շարժումը, երբ որ սկսվեց՝ այն չուներ անկախության տեսլականը, և պատճառներից մեկն այն է , որ վերահսկողություն չստացվեց այդ շարժման նկատմամբ, և շարժման վերնախավը կարողացավ մոնոպոլիզացնել իշխանությունը ` առանց հետադարձ կապի: 2-րդ նպատակը` ստեղծել մտավորական քաղաքացիական ճակատ, որը պիտի այդ տեսլականը իրականություն դարձնի: Եվ 3-րդ՝ նախապատրաստել այլընտրանքային ընտրությունների նոր մեխանիզմ»:

Բանախոսները տեղեկացրեցին, որ այժմ շարժումը մշակում է հայեցակարգ, որը կտևի 2 ամիս և կազմակերպում է հանրային լսումներ: Շարժման մեջ ներգրավվելու են նաև սփյուռքահայերին : «Մեր երկիրը խորագույն քաղաքական փակուղու առջև է կանգնած, որովհետև մենք տեսնում ենք, որ այն ձեռնածությունները, մանիպուլյացիաները , որոնց ենթարկվում է ժողովուրդը, դա արտահայտում է այս վերնախավի միակ կապը ժողովրդի հետ: Միակ կապը, որ մնացել է հետադարձ ժողովրդի հետ՝ կաշառքն է , ուրիշ բան չի մնացել: Եվ էս մանիպուլացված ընտրազանգվածով մենք կարող ենք ունենալ ընդամենը կեղծ հայելիներում արտահայտված ընտրություններ և այստեղ որևիցե ձևով խոսք չի կարող լինել ժողովրդի ընտրության մասին՚ Անընդհատ ժողովրդին մեղադրում են` ասում են կաշառված է , կաշառված է , բայց մենք մոռանում ենք, թե ով է ժողովրդին հասցրել էս վիճակին, որ իր համար 5-10 հազար դրամը կարևոր է դարձել, մոռանում ենք այս տարիներին ընթացքում, որում հայտնվել է ժողովուրդը, առյուծի բաժինը ընկնում է վերնախավի վրա», -ասաց Գարեգին Չուքասզյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31