Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ թիվ 8 տան դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 66-ամյա Ռուբիկ Զոհրաբյանի վարած «Վազ 2107» մակնիշի Տ5073 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վահե Սարգսյանի վարած « Mitsubishi» մակնիշի 32 ՍԼ 951 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Վազ 2107»-ի վարորդ Ռ. Զոհրաբյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ժամանել էին մեկ մարտական հաշվարկով:
Կարճ ժամանակում տեղում էին նաև 1-03 ծառայության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նշված հատվածում խցանումները կանխելու համար ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:
-
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի