Այսօր, ինչպես ամեն շաբաթ, մեկ հրապարակմամբ, ներկայացնում ենք համացանցում այս շաբաթվա քննարկումներն ու նորությունները. ֆեյսբուքը, ճիշտ է, ազատ հարթակ է, որտեղ բոլորը պատեհ անպատեհ գրում են իրենց մտքին եկածը, բայց փաստորեն դա այնքան էլ վատ չէ, պարզվում է սոցիալական կայքերն օգնում են նիհարել. «Ամերիկացի գիտնականները պնդում են, որ սոցիալական կայքերը ճարպակալման դեմ պայքարի հզոր գործիք են։ Համաձայն Սրտի ամերիկյան ասոցիացիայի, ճարպակալման դեմ պայքարող բժիշկների ու առողջապահության ոլորտի մարմինների՝ դրանք ունակ են օգնել ցանկացած դիետաներից էլ լավ», – այս մասին հայտնել է Կարապետ Նուրիջանյանը։ Ըստ Zdravoe.com – ի՝ հարցվածների 51% – ը սոցցանցեր մտնում են ամեն օր։ Հատկապես շատ են օգտվում դրանցից դեռահասները։ «Համարյա բոլոր երեխաներին ինտերնետը հասանելի է իրենց սմարտֆոնների միջոցով», – պատմում է Դյուկի համալսարանի մանկական սրտաբանության բաժանմունքի պետ Ջենիֆեր Լին։ «Մենք պետք է օգտվենք սոցիալական կայքերի առավելություններից, որպեսզի նրանց հասցնենք անհրաժեշտ տեղեկությունը, չէ՞ որ սա ժամանակակից երիտասարդության շփման գլխավոր միջոցն է»,- ասում է Ջենիֆեր Լին։
Անի Հակոբյանն էլ չի սիրում ֆեյսբուքում տիրող անհանդուրժողականությունը, գրել է. «Մարդիկ ստատուսներ են գրում, որ թե երազանք մի պահեք, թվերին մի հավատացեք, այսպես մի արեք, այնպես արեք: Հարգելիներս, Ֆեյսբուքում գտնվողները բոլորը չափահաս մարդիկ են, ովքեր իրենք են ընտրում՝ ինչ գրեն, ինչ ասեն ու ինչին հավատան, ինչին` ոչ: Ու ամեն անգամ նույնը, մեկ էլ կտեսնես գրում են` իմաստը որն ա ամեն օր «բարի լույս» ստատուս գրելու, անձրև եկավ՝ մի գրեք, ձյունը սիրում եք՝ մի գրեք, աֆորիզմ շեյր մի արեք…Պարտադիր չի՝ բոլորը բոլորին սիրեն ու իրար արարքներ հասկանան ու ընդունեն, բայց կարելի մի անգամ էլ լռել ու մարդկանց կառավարելու հիվանդագին փորձեր չանել»:
Հովհաննես Եսայանն էլ ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի ֆեյսբուքյան հայ օգտատերը. «Նախ առաջինը նշենք, որ հիմնականում նրանց անուն-ազգանունները գրված են լինում հայատառ, նրանք նախընտրում են Ֆեյսբուքում խոսել միայն հայերեն, like page-երից անպայման են՝ Պարույր Սևակի, Կոմիտասի, Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի (փառք նրանց) էջերը։ Ընկերների ցուցակում պարտադիր պետք է լինեն մի քանի քաղաքական գործիչներ, լրատվական կայքեր…», – գրել է նա:
Տիգրանուհի Թասլակյան