Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուսն այսօր ժամը 19-00-ի սահմաններում Մեղրու տարածաշրջանում վթարի է ենթարկվել, որի հետեւանքով 25 ուղեւորներից մեկը, ըստ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության նախնական տվյալների, զոհվել է, իսկ մյուսները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափովել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով` վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: Ինչպես տեղեկացանք բժշկական կենտրոնից` Մեղրու հիվանդանոցում եւ Ագարակի տեղամասում այս պահին դեռ շարունակում են հիվանդներին հետազոտել եւ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, մահացածների ու վիրավորների վերաբերյալ հստակ տվյալներ դժվարանում են հաղորդել: «Շտապ օգնության 4 մեքենաներով, բոլոր բժիշկներով ու բուժքույրերով մեկնել ենք դեպքի վայր: Երկու հիվանդի վիճակը ծանր է, գանգուղեղային ջարդվածքներով են տեղափոխվել հիվանդանոց, մյուսներին այս պահին հետազոտում ենք, դեռեւս որեւէ հստակ տեղեկատվություն մնացած ուղեւորների վերաբերյալ տալ չենք կարող: Մեղրու հիվանդանոց ընդունած առաջին 4 ուղեւորներին արդեն տեղավորել ենք պալատներում, տեղափոխած հիվանդների շարքում երեխաներ չկան: Այս պահին մեզ մոտ շատ լարված իրավիճակ է, շտապում ենք բոլորին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել», -տեղեկացրեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից: Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից հաղորդում են, որ ժամը 19:13-ին ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկություն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատ:
Մեր ունեցած նախնական տվյալներով` ավտոբուսի ուղեւորների մեջ պարսկահայեր կային, դեպքի մասին այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ