Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի գինեկոլոգը հպարտանում է ինչպես Գագիկ Ծառուկյանով, այնպես էլ Սամվել Ալեքսանյանով

Դեկտեմբեր 15,2012 19:26

Այսօր Գյումրիում նշվեց ծննդատան հիմնադրման 75 –ամյակը: Aravot.am-ը Գյումրու ծննդատան բուժական գործի պատասխանատու, Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է ծնելիությունը հանրապետության երկրորդ քաղաքում: «Եթե համեմատենք մինչերկրաշարժյան ծնելիության հետ, պակասել է 3 անգամ, այսինքն 4500 փոխարեն տարեկան մեր ծննդատունն այսօր ունի 1500-1700 ծնունդ:Իսկ ինչ մնում է վերջին տարիներին, թիվը համարյա կայուն է մնում, նույնիսկ ամեն մի տարի մի 10-15 կարող է ավել լինել, մյուս տարի մի 6-ով պակաս, դա մեր ծննդատան մասին է խոսքը, իսկ մարզի մասշտաբով միշտ ավելացում կա , ոչ զգալի, բայց 20-30 ծնունդով այս վերջին տարիներին նկատվում է ծնունդների աճ», -տեղեկացրեց Ֆելիքս Գրիգորյանը:

Մեր այն հարցին` ի՞նչ պիտի անի կառավարությունը ծնելիության աճը խթանելու համար, մանկաբարձ-գինեկոլոգն ասաց. «Ծնունդների թիվը ավելացնելու համար այսօր ամենամեծ պարտականությունը ունի մեր կառավարությունը, կառավարությունը պետք է հոգա յուրաքանչյուր ծնվող երեխայի համար, քանի որ մեր ազգը փոքր է, բնակչությունը քիչ է, և եթե այսպիսի կիսատ ուշադրություն դարձվի այս հարցին , ես վերջերս եղա մի սեմինարի, որտեղ կային ժողովրդագրական ցուցանիշներ և ասում էին, եթե աճի տեմպերը մնան այնպիսին , ինչպիսին մենք ունենք այսօր, առնվազն 10-15 տարի հետո եթե մենք ուզենք պաշտպանել Հայաստանի սահմանները մեր զորքով, ամեն մի կիլոմետրի վրա մենք կունենանք կանգնած ընդամենը մեկ զինվոր, այ այդպիսի խայտառակ ժողովրդագրական պատկեր կարող է լինել: Պետությունը պետք է խրախուսի, երեխայի հոգացությունը պետք է վերցնի իր վրա, էլ չեմ ասում բազմազավակ ընտանիքների, որոնք պետք է ոչ մի ապրելու պրոբլեմ չունենան: Եվ եթե ընդհանուր հանրապետության վիճակը լավանա, եթե հանրապետությունում ապրելը դառնա մարդկանց համար ցանկալի, այդ դեպքում և կապրեն և կբազմանան», -ասաց 47 տարվա փորձ ունեցող գլխավոր գինեկոլոգը:

Ըստ Ֆելիքս Գրիգորյանի, Գյումրիում 4-5 երեխա հիմնականում ունենում են սոցիալապես անապահով ընտանիքները, և նպատակն այն է, որ միանվագ գումար ստանան ու փակեն խանութներին եղած պարտքերը:

Նա նաև հավելեց, որ սակավ ապահովված ընտանիքներից զատ, բազմազավակ են դառնում Եհովայի վկաները, որոնց մոտ արհեստական վիժումը խստիվ արգելված է: «Ես չգիտեմ ինչու ընդունված է, որ եթե ապահովված, բարեկեցիկ ընտանիք են, պետք է ունենան երկու երեխա, կամ լավագույն դեպքում` 3, այնինչ պետք է լինի հակառակը, այն ընտանիքները, որոնք ապրելու պրոբլեմ չունեն, նրանք ինչքան հնարավոր է շատ երեխաներ պետք է ունենան: Ես կարող եմ որպես օրինակ բերել Գագիկ Ծառուկյանին, որը 5-6 երեխայի հայր է, հույս ունեմ, որ նրանք գուցե և էլի ունենան: Սամվել Ալեքսանյանը 7 երեխա ունի, թող նրանցից օրինակ վերցնեն»,- հայտնի օլիգարխների օրինակով հայ ժողովրդին բազամազավակության դասեր տվեց մանկաբարձ- գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31