«Տնտեսական օլիգարխը իր մեջ ուժ չգտավ պառակտվել քաղաքական օլիգարխից»,- մեզ հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսպես է բացատրում նախագահական ընտրություններում չառաջադրվելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը:
Ըստ նրա, Ծառուկյանի առաջադրումը Հայաստանում մրցակցություն ստեղծելու եւ արտասահմանի համար քաղաքակիրթ երկիր երեւալու առումով անհրաժեշտ էր. «Հետընթաց եղավ: Հայաստանում քաղաքական կյանքը կաթվածահար եղավ»:
Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ քաղաքական գործընթացները զարգացնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի:
Նա վստահ է, ԲՀԿ-ն այս ընթացքում ընդդիմադիր չի խաղացել. «Ուղղակի չկարողացան տանել այն ծանրությունը, երեւի առաջին դեմքը չկարողացավ տանել, նախագահացու իրեն չտեսավ: Չեմ ցանկանում Ծառուկյան գործչին համեմատել Արթուր Բաղդասարյան գործչի հետ»:
Կարդացեք նաև
Քաղաքագետի կարծիքով, տեղին չեն նաեւ ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքները ԲՀԿ-ի հետ համագործակցելու առումով. «Մարտիմեկյան իրադարձություններից հետո ՀԱԿ-ը շատ լավ տեսավ, որ չունի ռեալ ուժ, որ կարողանա իշխանափոխության հասնել: Նա դրա համար փնտրում էր ֆինանսական, մարդկային ռեսուրս, որին ղեկավարելով կամ որի հետ դաշնակցելով՝ կգնար առաջ ու հարցը կլուծեր: Շատ մեղադրելի չէ: Հիմա բարոյակա՞ն էր միավորումը, թե՞՝ չէ, դե քաղաքական կյանք է: Իսկ Հայաստանի քաղաքական կյանքը այսպես լճացած պահելը բարոյակա՞ն է»:
Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանի առաջադրվելու-չառաջադրվելու վերաբերյալ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ասածները, թե ՀԱԿ-ի կողմից ակտիվություն է լինելու. «Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակառակորդ». «Հայաստանում քաղաքական պոռոտոխոսությունը դարձրել են կյանքի նորմա: Մենք հաղթելու ենք, այսքան ձայն ունենք: Կապրենք, կտեսնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ