«Ամեն առավոտ դասի գնալուց պարտադիր թեյ եմ խմում: Նույնիսկ այսօր ընկերուհիներիս հետ հավաքվելու ենք մեր տանը ու անցկացնելու թեյի երեկո՝ համեմված բամբասանքներով, երաժշտությամբ և այլն: Բոլորս էլ թեյի խելագարներ ենք»,-ասում է 21-ամյա Լիանան ու հավաստիացնում, որ բացի թեյից այլ հեղուկ՝ մանավանդ խմիչք չեն օգտագործելու:
Այսօր թեյի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2004 թ.-ից՝ հատկապես այն երկրներում, որտեղ առկա է թեյի արտադրություն և որը մեծ դերակատարություն ունի տվյալ երկրի տնտեսության մեջ: Հայաստանում տարեկան իրացվում է մոտ 190 տոննա թեյ։ Օրվա նպատակն է մարդկանց, երկրների և կառավարությունների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի և նրա հետ կապված խնդիրների վրա։
Թեյը, բացի համեղ ըմպելիք լինելուց, նաև շատ օգտակար է: «Ի տարբերություն սուրճի՝ թեյը ավելի քիչ կոֆեին է պարունակում: Այն չի առաջացնում գլխացավ և չի խախտվում մարդկանցքնի ռեժիմը,-ասում է բժշկուհի Նաիրա Սարգսյանն ու հավելում,- այն հարուստ է հակաօքսիդանտներով, որը նպաստում է օրգանիզմին մնալ երիտասարդ»: Բժշկուհու խոսքով՝ օրական մոտ 3 անգամ թեյ ըմպելու դեպքում նվազում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը:
Թեյը բարձրացնում է մարդու օրգանիզմում արյան իմունիտետը: Փաստում են Նիդերլանդների գիտնականները: Վերջիններս անցկացրել էին հետազոտություն և ապացուցել, որ թեյի պարբերաբար օգտագործումը (մոտ 30 օր) օգտակար ազդեցություն է ունենում մեր օրգանիզմում: Իսկ ահա Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ օրական ընդամենը 5 բաժակ թեյ խմելով մեր օրգանիզմի համար ապահովում ենք B9 վիտամինի օրական չափաբաժնի 15 տոկոսը:
Չնայած մի շարք դրական հատկանիշներին՝ կան մարդիկ, ովքեր չեն սիրում թեյ: «Միայն վատառողջ վիճակում եմ ըմպում թեյ՝այն էլ ստիպված, որպեսզի հիվանդությունս չխորանա»,-ասում է 19-ամյա Նարեն:
Կա վարկած, որ թեյը որպես ըմպելիք, առաջին անգամ հայտնաբերվել է մ.թ. ա. 2737 թվականին Չինաստանի 2-րդ կայսեր Շեն Նունգի կողմից, երբ վերջինս թեյի տերևը գցել է եռացրած ջրի մեջ:
Նազենի Բաղդասարյան