«Անկեղծ ասած, ես ընդամենը լրատվամիջոցներից, այն էլ կցկտուր, տեղեկություններ ունեմ ինչ-որ կոնֆլիկտի հետ կապված: Դրանից տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում: Մեքենայի վթարից տեղյակ եմ, ու փառք եմ տալիս Աստծուն, որ իրեն որեւէ բան չի եղել, առողջությանը վտանգ չի սպառնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ համագումարում հրավիրյալի կարգավիճակով ներկա ՀՀ նախագահի եղբայրը`Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Սարգսյանը, պատասխանելով մյուս եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդու մասին շրջանառվող լուրերին: Հիշեցնենք, որ վերջինս, ըստ մամուլի տեղեկությունների, ինչ-որ անախորժություններ եւ վիճաբանություն էր ունեցել Խաչատուր Սուքիասյանի եղբոր հետ, կրակոցներ էր արձակել քաղաքում: Հետաքրքրվեցինք`լրատվամիջոցներից կցկտուր տեղեկանալով Լեւոն Սարգսյանը չի՞ փորձել զանգահարել ու մանրամասներն իմանալ, չի՞ շփվում եղբոր ընտանիքի հետ: Լեւոն Սարգսյանը սրտնեղեց. «Չէ, ոնց չեմ շփվում, միշտ էլ շփվում եմ, կապի մեջ ենք: Ուղղակի, ես այստեղ չէի բավականին երկար ժամանակ, Լիբանանում էի, նախագահի այցն էի պատրաստում ի պաշտոնե: Այդ էր: Ուրիշ տեղեկություն չունեմ»:
Լեւոն Սարգսյանն ասաց, որ վստահ է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու է: Չհամաձայնեց, որ Սարգսյանը լուրջ այլընտրանք չունի` ասելով, թե դեռ ժամանակ կա եւ մարդիկ կարող են իրենց թեկնածություններն առաջադրել. «Գուցե լինելու է: Ինչո՞ւ եք անընդհատ այդպես ասում»: Հետաքրքրվեցինք նաեւ` որտեղի՞ց իրեն այդ վստահությունը, որ նախագահը վերընտրվելու է. «Խորհրդարանական ընտրությունները բավական չե՞ն: Ես կարծում եմ, խորհրդարանական ընտրությունները լուրջ հիմք են տալիս, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթեց, ինձ լուրջ հիմք է տալիս, վստահ լինելու համար»:
ԲՀԿ-ի դիրքորոշման մասով էլ Լեւոն Սարգսյանն ասաց. «Կարծում եմ, մարդիկ վստահ էին, որ չեն հաղթելու, դրա համար էլ թեկնածու չառաջադրեցին»: Նա տեղյակ չէ խոսակցություններից, որ Սերժ Սարգսյանի ճնշմամբ է Գագիկ Ծառուկյանը հրաժարվել առաջադրել իր թեկնածությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև