Այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողները նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից հետաքրքրվեցին` Վլադիմիր Գասպարյանը կատարե՞ց իր խոստումը եւ նրա համար կոնցերտ ապահովե՞ց: Արզաքանցյանն ասաց. «Էտի իրա խնդիրն ա, ինչ ուզում ա թող անի։ Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի: Ինքը իրա գործն ա անում, մենք կզբաղվենք մեր գործերով»:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով թիկնապահներով շրջող գործարարաների մասին, կարծիք էր հայտնել, թե այդ մարդիկ ուզում են ինչ որ ձեւով ինքնահաստատվել, եւ ընտրել են ոչ հաջող ձեւ. «Նազիր-վեզիրները դուռը բացում են ու փակում, դա հանդուրժեցինք, բայց ես չեմ կարող հանդուրժել, երբ նրանք հատում են խաչմերուկներ՝ խախտելով երթեւեկության կանոնները, այսպես ասած՝ մարդկանց քշելով, չենք կարող հանդուրժել։ Նախկինում ծանոթ-բարեկամներին, հորքուրի եւ մորքուրի տղաներին բերել ընդունել են որպես թիկնապահ, զենքն էլ տվել են ձեռքները, դա արդեն կրիմինալ է։ Եթե Արզաքանցյանը, նախկին պատգամավորը մտածում է, որ հարուստ է եւ կարող է խաչմերուկները կտրելով անցնել եւ մարդկանց վրա մեքենա քշել, ոչ թե շոու կտանք, այլ կոնցերտ կկազմակերպենք։ Ես մաքրում եմ հին աղբը, ոստիկաններն այսօր վերապատրաստվում են։ Նորմալ ոստիկանը, երբ իրեն վարձած մարդն անօրինական գործողություններ է անում, ձեռքից բռնում եւ ասում է, որ սա չի կարող լինել, որովհետեւ օրենքի խախտում »:
Ինչ մնում է թիկնապահներով շրջելուն, գործարարն ասաց. «Հիմա ոչ մեկ ապահովագրված չի: Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր մոտ անվտանգ լիներ և եթե խնդիրներ չունենայի անցած ճանապարհում և առանց թիկնապահի մեծ հաճույքով ման կգայի»:
Ի դեպ, Արզաքանցյանը հավաստիացրեց, որ չի կարոտում պատգամավորական մանդատը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի