Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը երկու տասնյակից ավելի անմեղ մարդու կյանք խլեց, այդ թվում նաև 20 մանուկների` նրանց հարզատների, բարեկամների և ականատեսների կյանքում թողնելով հոգու անբուժելի վերք:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և բոլոր զոհվածների հարազատներին:
Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ