Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարեն Կարապետյանի` Սերժ Սարգսյանը 60 տոկոս ձայն կհավաքի

Դեկտեմբեր 15,2012 16:39

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին  ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր, ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում անրադարձավ միասնական ճակատով ընտրությունների գնալու ընդդիմության նկրտումներին: Նրա կարծիքով, դա այնքան էլ հեշտ բան չէ: Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը որոշակի քաղաքական բացթողումներ թույլ տվեց, ինչի արդյունքում էլ կորցրեց իր մեծ լսարանի վստահությունը. «Իսկ ժողովրդի վստահությունը կորցնելն ու հետո հետ վերադարձնելն այդքան հեշտ բան չէ: Կարծում եմ, այսօր անգամ, ՀԱԿ-ից յուրաքանչյուր թեկնածուի առաջադրումն, ըստ էության, ընդհանուր քարտեզի վրա, ոչ մի փոփոխություն չի բերելու: Դուք կտեսնեք մեր թեկնածուի առավելությունը, մնացած բոլոր պոտենցյալ թեկնածուների նկատմամբ: Մեր թեկնածուն, իմ պատկերացմամբ, ոչ պակաս 60 տոկոս ձայներ է հավաքելու: Մեր ամենամեծ ցանկություններից մեկը մշտապես եղել է այն, որ մենք ունենանք ուժեղ ընդդիմախոս: Մենք հիմա արհեստական վերցնենք` մեկին ուժեղ ընդդիմախո՞ս սարքենք: Թող ուժեղանան»:

Տարբեր ժամանականերում ակտիվացող խոսակցությունները, որ ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, որակեց. «Որոշ մարդկանց ֆանտազիայի արդյունք: Ամեն ինչ էլ կարող է շրջանառվել: Նման իրավասությունները նախագահի լիազորության դաշտում են: Հանրապետության նախագահն ում կորոշի, նա էլ կլինի: Արդեն վարչապետին հանել եք, մի հատ էլ նոր վարչապե՞տ եք դնում: Նախագահը երբ կորոշի եւ կգտնի հարմար, կփոխի»: Նա իրեն ավելի շատ էությամբ գործադիրի մարդ է համարում: «Ես սիրում եմ ավելի շատ գլուխս կախ աշխատել»,- ասաց Կարեն Կարապետյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում օրենսդիր աշխատանքում:

Նկատենք, որ Կարեն Կարապետյանը գրեթե չի մասնակցում խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքներին: Ի դեպ, այս հարցին նա սեփական մոտեցումն ունի եւ կարծում է, որ. «Պատգամավորի աշխատանքը միայն ԱԺ-ով չէ սահմանափակվում: Կարծում եմ, այսօր ավելի  մեծ անհրաժեշտություն կա ընտրողների կողքին լինել, երբ մարդկանց վիճակը ծանր է եւ մեր հնարավորությունների սահմաններում ավելի շատ պրակտիկ աշխատանքով ենք զբաղված: Եվ նրանով էլ կզբաղվենք եւ նրանով էլ»: Լրագրողները հետաքրքրվեցին` գուցե ա՞յս հանգամանքով են պայմանավորված մամուլում իր վարչապետ դառնալու հավակնությունների մասին շարունակ շրջանառվող  լուրերը:

Հարցին` դեմ չէ՞ր լինի գործադիրում նախարարի կամ փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելուն, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Նախարարի պաշտոնի շրջանը ես վաղուց անցել եմ: Ես իմ ուժերը այս պահին շատ լավ օգտագործում եմ: Մեր ընտանիքի եւ իմ անձնական հնարավորությունները փորձում եմ օգտագործել մարդկանց աջակցության առումով: Բավականին ծավալուն աշխատանք է եւ այդ աշխատանքը մենք կատարում ենք: Հետագայում ինչպես կկողմնորոշվենք, ապագան ցույց կտա, ժամանակից առաջ պետք չէ առաջ անցնել»:

Նա ասաց, որ իր համար պաշտոնն ինքնանպատակ չէ. «Պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում եւ մեզանից յուրաքանչյուրն ինչ ֆունկցիա կարող է կատարել: Դուք շատ լավ գիտեք նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը բավականին բարձր պաշտոն է եւ շատ լավ գիտեք, որ նախագահի համաձայնությամբ ես իմ կամքով դուրս եմ եկել այդ պաշտոնից»:

Դիտարկմանը` հնարավոր համարո՞ւմ է, որ իշխանական համակարգից դուրս գա եւ միայն գործարարությամբ զբաղվի, Կարապետյանն արձագանքեց. «Ես, ըստ էության, որեւէ բան չեմ բացառում: Ինձ ավելի հոգեհարազատ դաշտ է այդ դաշտը: Ես ինձ տեսնում եմ էդտեղ, ես նախկինում տնտեսվարող եմ եղել եւ լուրջ հաջողություններ եմ ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31