Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական Ռոբերտ Ահարոնյանն էլ է պատրաստվում առաջադրվել նախագահական ընտրություններում:
Նախկին ՕԵԿ-ականը համագործակցել է ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի հետ եւ լեզու չի գտել միայն կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանի հետ:
«Բոլորին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու հարցը: Որպես սոցիալիստ ասել եմ, որ քաղաքական դաշտը պետք է բաժանվի սոցիալիստների եւ լիբերալների միջեւ: Ողջունելի է՝ կապիտալիստական համակարգ քարոզող ԲՀԿ-ի ղեկավար Ծառուկյանը ընդունեց, որ երկու կապիտալիստական գաղափար ունեցող կուսակցությունները պայքարեն մի աթոռի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց նախագահի թեկնածուն:
Կարդացեք նաև
Նրա դիտարկմամբ, քաղաքական դաշտ կմաքրվի, եթե, ըստ պնդմամբ, կապիտալիստական գաղափարներ ունեցող ՀԱԿ-ն էլ որոշի չմասնակցել ընտրություններին. «Հաճույքով կլսեի՝ Լեւոն Տեր Պետրոյանի կամ ՀԱԿ-ի կողմից, նորից կապիտալիստական համակարգի քարոզողի կողմից չի առաջադրվի ոչ մի թեկնածու, դաշտը կդառնար քիչ-քիչ մաքուր»:
Պարոն Ահարոնյանի խոսքերով, ինքը ունի ընտրություններում առաջադրվելու համար պահանջվող գրավը, բայց առաջարկում է գրավի ֆինանսավորում ՀՀԿ-ի կողմից. « Դիմում եմ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ղեկավարներին, եթե համոզված եք, որ կապիտալիզմը հաղթող է սոցիալիզմին, միգուցե օգնե՞ք սոցիալիստական գաղափար ունեցող կուսակցության ներկայացուցչին գրավը մուծելու տարբերակով: Դիմում եմ հանրապետական կուսակցությանը արդար պայքարի դուրս գալ: Համոզված եմ արդար պայքարով կապիտալիստական համակարգը պարտվելու է, իսկ արդար պայքարի դուրս գալու համար պետք է մուծվի գրավ: Եթե ՀՀԿ-ն ինձ ֆինանսավորի 50 տոկոսով ես կհաղթեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ