Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին հետապնդվում էր

Դեկտեմբեր 15,2012 14:23

Հատված Մերուժանի «Իմ զնդանները» անտիպ վեպից

«1963թ. սեպտեմբերին Էջմիածնում տեղի էր ունենում ազգային եկեղեցական տարեկան ժողովը, որին էլ հաջորդեց մյուռոնօրհնությունը: Այդ ժամանակ Հայ առաքելական եկեղեցու զորագլուխը Վազգեն Առաջին Կաթողիկոսն էր, որպես հայրապետ՝ հիշարժան, որպես անձ՝ պատվելի, եւ երջանկահիշատակ: Ընդհանրապես ուխտի եւ կիրակնօրյա պատարագի օրերին եկեղեցին լինում էր մարդաշատ, հիմնականում՝ Կաթողիկոսին եւ երեց միաբանական դասին տեսնելու համար մեծ բազմություն էր հավաքվում: Շաբաթ երեկոյան ժամերգության ժամանակ Վեհափառը բազմում էր մուգ շագանակագույն գահին, որը նվիրել է Ինոկենտիոս Տասներորդ Հռոմի պապը՝ 1724 թվականին, իսկ կիրակնօրյա պատարագի ժամանակ նա բազմում էր հնդկահայոց կողմից նվիրաբերված սադափե գահին:

Մինչեւ գահին հասնելը, Տրդատի դռնից մինչեւ Մայր տաճարի մուտքը Վազգեն Առաջին Կաթողիկոսը հետապնդվում էր չեկիստների կողմից: Հինգ -վեցական մետր հեռավորությամբ բաշխվում էին նրանք՝ ՊԱԿ-ի օպերատիվ խմբի աշխատողները: Նրանց ղեկավարն էր Հրայր Միհրանյանը, իսկ եկեղեցու գմբեթի տակ՝ նրանց համար բարդ տեղում, նրանց աշխատանքները ղեկավարում էր Սարգիս Սամվելի Զախարյանը, այժմ պահեստի գնդապետ, ում որդին՝ Արթուր Զախարյանը եւս կարեւոր պաշտոն է վարում ներկայիս ԱԱԾ-ում: Այսօրվա Ազգային Անվտանգության համակարգում պատասխանատու պաշտոններ են վարում նախկինում բարձրաստիճան աշխատակիցների զավակներն ու թոռները: Այսինքն՝ հաջորդաբար սերնդափոխություն է կատարվում այդ ոլորտում: Մի տարբերությամբ, որ իրենց հայրերը ծառայել են սոցիալիզմին, իրենք ծառայում են՝ կապիտալիզմին: Այսքանը միայն, թե ինչ արժանապատվության պայմաններում է տեղի ունենում այդ ծառայությունը, դա իրենց գործն է:

Միով բանիվ՝ վերադառնանք Կաթողիկոսի հետապնդմանը: Մյուռոնօրհնության այդ օրը, երբ Տրդատի դռնից ամպհովանու ներքո քայլում էր Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հետապնդվում էր այդ գործակալների կողմից: Երբ հասան գմբեթի մոտ՝ զանգակատան տակ, Սարգիս Զախարյանն՝ արագ մոտենալով օպերատիվ խմբի մեկ այլ աշխատող Գարուշ Քերոբյանին, ասաց. «Գարուշ, դժվարը գմբեթի տակ է, մնացածը ջրի պես բան է»: Ինչ էր տեղի ունենում գմբեթի տակ, ինչ պիտի աներ Կաթողիկոսը, որ այդքան կարեւոր էր գմբեթի տակ հետեւել նրան: Հարցը մնում է բաց, բայց կա մի բան. Վազգեն Առաջինին հետեւելու առաջին պայմանն այն էր, որ նա անցյալում սկաուտ է եղել եւ գիտեր հետախուզության յուրաքանչյուր գաղտնիք եւ շատ լավ գիտեր, որ իրեն պիտի հետապնդեն ու բնականաբար նա թույլ չէր տա այնպիսի արարք, որը կմերկացնեին չեկիստները:

Ինչպես բոլոր կաթողիկոսներն, այնպես էլ Վազգեն Առաջինը քայլում էր ամպհովանու տակ, որը կրում էին հիմնականում Հայաստանի եւ Սփյուռքի նշանավոր մարդիկ՝ աշխարհիկ մտավորականներ: Այդ օրը ինչն էր պատճառը՝ չգիտեմ, բայց օպերատիվների աշխատանքը կանոնակարգված էր այնպես, որ ժողովրդի ներսում, որպեսզի Կաթողիկոսն ազատ քայլի, կարգ ու կանոն էին սահմանում սարկավագները, իսկ դրսի կողմից քայլ առ քայլ շարժվում էին ՊԱԿ-ի այդ օպերատիվ խմբի ներկայացուցիչները: Այդ օրը մեր Վեհափառ Հայրապետի հետ միասին քայլում էր նաեւ մեծապատիվ մի հոգեւորական, աշխարհահռչակ Սքեյֆ Լիվինգստոն Լորինտոնը, ով Հյուսիսային Ամերիկան էր ներկայացնում ազգային եկեղեցական ժողովում: Նա բավական հաղթանդամ, երկու մետրից ավելի բարձրահասակ, ով եւս խաչակնքում էր իր ձեւով ու մարդիկ, երբ մոտենում էին Վազգեն Առաջինի աջը համբուրելու, նա հպանցիկ ասում էր, որ նրանն էլ համբուրեն, որպեսզի թերեւս ցույց տար, որ հայ հավատացյալներն ընդհանրապես խորին հարգանք ունեն դեպի հոգեւորականը:

Այսքանը վկայում է այն մասին, որ կաթողիկոսներն անկախ այն բանից, թե որքան են խորհրդայնացած, այդ թվում եւ Վազգեն Առաջինն, ով իր յուրաքանչյուր քարոզում անպայման հիշեցնում էր. «Խորհրդային հանրապետություն՝ Հայաստան աշխարհի», բայց, միեւնույն է, չէր խուսափում հետապնդումներից:

Հիշեցնենք, որ ՊԱԿ-ի օպերատիվներից միայն Գարուշ Քերոբյանն էր սասունցի, մյուսները՝ ադրբեջանահայեր՝ ղարաբաղցիներ, գարդմանցիներ էին: Այս պայմաններում ինչպես կարող էր եկեղեցին ազատ գործել, չնայած որ Վազգեն Առաջինը դեռեւս Ռումինիայի թեմական առաջնորդ եղած ժամանակ հպատակվում էր Խորհրդային կարգերին եւ ուներ մի աշխատություն. «Հայրենի արեւին տակ», Բուխարեստում տպագրված, որ հրատարակվել էր դեռեւս 1947 թվականին եւ որտեղ փառաբանվում էին սոցիալիզմն ու Ստալինը: Այդ ժամանակ Ռումինիայի նախագահն էր Պետրու Գրոզան, ով հայտնի էր իր դաժանությամբ:

Այսպիսով Հայ առաքելական եկեղեցին գրեթե յոթ տասնամյակ ճակատագրորեն խորհրդային ՊԱԿ-ի պատանդն է եղել»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31