Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երաժիշտներին էլ արժի վճարել՝ ինչպես հյուրախաղորդներին»

Դեկտեմբեր 15,2012 14:14

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Լեւոն Ջավադյանի եւ ալտահար Վաչե Հովեյանի մեկնաբանմամբ կհնչեն Բրամսի, Շոստակովիչի եւ Գրիգոր Նարեկացի-Վարդ Մանուկյանի կամերային ստեղծագործությունները: Օրեր առաջ հայտնված համերգի հայտագրի առիթով ոգեւորություն են ապրում դասական արվեստի երկրպագուները: Եվ սա չի նշանակում, թե Հայաստանում կամերային երաժշտություն չի մատուցվում: Մեզանում գործող Հայաստանի կամերային նվագախումբը, Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակն ու տրիոն, «Շելլ» դաշնամուրային տրիոն պարբերաբար հանդես են գալիս դասական եւ հայ կոմպոզիտորների կամերային երկերով, մինչդեռ դժվարանում ենք հիշել, թե վերջին շրջանում դուետով ե՞րբ է հնչեցվել կամերային երաժշտություն:

«Առավոտի» հետ զրուցած մասնագետները նշում են, թե իբրեւ մենակատար հանդես գալու գայթակղությունն անշուշտ մեծ է ցանկացած երաժշտի համար, սակայն կամերային կազմերով ու հատկապես դուետով ներկայանալը նույնն է, ինչ իբրեւ մենակատար հանդես գալը: Հավելենք, որ մեզ տված հարցազրույցներում արտերկրյա անվանի շատ երաժիշտներ, ովքեր, ի դեպ, Երեւանում հանդես են եկել իբրեւ մենակատար, մշտապես արժեւորել են իրենց մասնակցությամբ կամերային երաժշտության երեկոները: Կայանալիք համերգի մասին էլ մասնագետներն ասում են, որ կատարվող ստեղծագործությունները հաճախ չեն հնչում հայաստանյան բեմերում, մանավանդ՝ Շոստակովիչի երկը: Ինչ վերաբերում է Լեւոն Ջավադյանին եւ Վաչե Հովեյանին, նրանց արվեստը քաջածանոթ է ինչպես մեր, այնպես էլ արտերկրյա ունկնդրին: Ասենք նաեւ, որ սա երաժիշտների առաջին համագործակցությունն է:

Խաչատրյանի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար Հովեյանին հիշեցնելով վերջերս «Խաչատրյանֆեստ» փառատոնի շրջանակներում հայ կոմպոզիտորների կամերային գործերից կազմված քառյակի ունեցած համերգի մասին, հարցրինք՝ ի՞նչ նպատակով է կազմակերպված այս համերգը: Մեր զրուցակիցը տեղեկացնելով, որ քառյակը 2012-ին համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում՝ Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Իտալիայի քաղաքներում, պատասխանեց. «Ի սկզբանե որոշել ենք համերգին տոմս չվաճառել, հրավիրելով իսկապես դասական երաժշտության սիրահարներին: Սա յուրատեսակ համերգ-կոչ է, ցանկացողները կարող են գալ ունկնդրել, գուցե վերջում էլ, կներեք ամպագոռգոռ բառերի համար, հանգեն եզրակացության, թե, ի վերջո, մեր կատարողներին էլ է պետք վճարել այն գումարները, որին արժանանում են Հայաստան այցելած հյուրախաղորդ երաժիշտները»: Նշենք, որ ալտահարը դուետի կազմում հանդես է եկել Հայաստանում եւ արտերկրում ճանաչված դաշնակահար Քսենյա Բաշմետի հետ:

Արդեն մեկ տարի Ազգային օպերային թատրոնի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Ջավադյանը համամիտ չէր մեր այն դիտարկմանը, թե չինովնիկի աշխատանքն իրեն հեռացրել է բեմից: Նա փաստեց իբրեւ դաշնակահար իր բեմելները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում եւ, իհարկե, օպերային թատրոնի որոշ մեներգիչների հետ ելույթները: Ասենք, որ վերջերս ծննդյան 80-ամյակը նաեւ երեւանյան համերգով նշած Միշել Լեգրանը Ջավադյանին էր վստահել սեփական ստեղծագործություններում ռոյալի պարտիաների մենանվագ կատարումները: Վ. Հովեյանը, «օգնության հասնելով» գործընկերոջը, ասաց. «Եթե մարդը պրոֆեսիոնալ երաժիշտ է, ապա նա կարող է իրեն թույլ տալ զբաղվել ցանկացած գործով, այդ թվում՝ ադմինիստրատիվ: Խորացած չեմ Լեւոնի գործունեության մեջ՝ իբրեւ փոխտնօրեն, բայց առանց երկմտելու կարող եմ ասել, որ ինքն այդ աշխատանքն էլ բարձր պրոֆեսիոնալիզմով կանի՝ ինչպես դաշնակահարինը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31