Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս տեղի չէր տալիս մեծ փողերի առաջ»

Դեկտեմբեր 15,2012 14:11

Որդին՝ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի մասին

Անվանի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի մասին խոսելիս բոլորի դեմքին ժպիտ է առաջանում, որովհետեւ նրան հիշում են իբրեւ բարի, դրական աուրա փոխանցող մարդ, որն իր հրաշալի գույներով էլ լույս էր ճառագում: «Առավոտի» հետ զրույցում գեղանկարչի որդին՝ Դավիթ Սմբատյանը հիշեց. «Նրան ընդամենը 5 րոպե էր մնացել ապրելու, բայց երբ Գերմանիայից զանգեցի ու հարցրի ինչպե՞ս ես, հայրս շատ հանգիստ պատասխանեց՝ լավ եմ, փառք Աստծո: Այդպիսի հրեշտակային խաղաղությամբ օժտված անձնավորություն էր»:

Գեղանկարչի որդին ասում է, որ ներկայումս եղբոր՝ բռնցքամարտի չեմպիոն Տիգրան Սմբատյանի հետ զբաղված են հոր ժառանգությունն արտերկրում ներկայացնելով. «Կարեն Սմբատյանի գործերը հայ ժողովրդի հարստությունն են, ինչո՞ւ այդ մասին չիմանան դրսում: Ի դեպ, արտերկրյա ցուցահանդեսներում միշտ զարմանում են, որ Հայաստանը նման նկարիչներ ունի: Ներկայումս լուրջ նախագծեր ունենք Սանկտ Պետերբուրգի ու Մոսկվայի հետ կապված: Ընդ որում, Մոսկվայում խոշոր հայկական կենտրոն է բացվելու, որը նշանավորվելու է Կարեն Սմբատյանի ցուցահանդեսով»:

Դավիթ Սմբատյանը փաստում է. «Իհարկե Կարեն Սմբատյանը PR-ի կարիք չունի եւ կիլոմետրերով էլ հեռու էր կոմերցիայից, բայց ամեն դեպքում արժի լրացնել այն բացը, որը ինքը համեստության պատճառով չի արել»:

Կարեն Սմբատյանի երկու զավակներից ու թոռներից ոչ մեկը չի գնացել իր ճանապարհով: «Ես մասնագիտությամբ դերասան եմ, եղբայրս՝ Տիգրանը, բռնցքամարտի չեմպիոն: Հայրս դեմ էր արվեստում դինաստիաներին: Դա եւս բացառիկության մենաշնորհ է: Ինչի՞ նման է՝ պապը նկարում է, որդին նկարում է, թոռը նկարում է… չէ՞ որ բոլորը հավասարաչափ տաղանդավոր չեն կարող լինել, ու ստիպված պետք է ամենատաղանդավորի դափնիների հաշվին ապրեն… Ես ու Տիգրանը երեխա ժամանակ նկարում էինք, բայց հայրս մեզ խորհուրդ տվեց ուրիշ գործով զբաղվել: Ասաց՝ գեղանկարչությունը տաժանակիր աշխատանք է, չնայած բացառված չէր, որ լինեինք միջակ նկարիչ, ինչպիսիք այսօր շատ են»:

Կարեն Սմբատյանը ծնվել է Գյումրիում, բայց որդու ասելով, գյումրեցի չէ, որովհետեւ ծագումով Նախիջեւանից է՝ սերում է հռչակավոր Բագրատունիներից. «Լեւոն Ալիշանն է գրում Բագրատունիների մասին իր «Սիսական» գրքում, այդ տոհմում շատ անվանի մարդիկ են եղել՝ Մեսրոպ արքեպիսկոպոսը, ով մեծ ներդրում ունի ուրարտագիտության մեջ, նույնիսկ Հռոմի պապն է նրան ընդունել, կամ Բորոդինոյի հերոս Սումբատովը: Ինչ վերաբերում է Գյումրիին, ուղղակի տատիկս գնացել է Գյումրի, եւ հայրս էնտեղ է ծնվել, բայց մեկ տարի հետո տեղափոխվել են Երեւան: Ու ասել, թե Կարեն Սմբատյանը գյումրեցի է, ճիշտ չէ: Մենք ծագումով նախիջեւանցի ենք, եւ հպարտ ենք դրանով, բայց եթե գյուրեցի լինեինք, դարձյալ հպարտ կլինեինք»:

Մեր զրուցակիցը թվեց այն մարդկանց ու թանգարանների անունները, որտեղ սփռված են Կարեն Սմբատյանի գործերը. «14 նկար ունի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ, Նորվեգիայի օրենսդիր մարմնի երբեմնի նախագահ Յոզեֆ Բենկոֆը… Հայրս շուրջ 2000 յուղաներկ նկար է արել, որից ընդամենը 700-ն է մեզ մոտ, մնացած բոլորը կամ նվիրվել են կամ վաճառվել: Կարեն Սմբատյանի աշխատանքները գտնվում են, օրինակ, Zimmerli Art Museum-ում, Վաշինգտոնում… Մոսկվայի Էքսպորտ սալոնն էր անընդհատ Սմբատյան պահանջում: ԽՍՀՄ-ում Կիպրոսի վերջին դեսպանը ժամանակին Մոսկվայից եկավ, ցուցահանդես բացվեց, դրանից հետո դեսպանը խնդրեց 50 նկար: Գերմանիայի պաշտպանության նախարար Շտայն Մայերի մոտ էլ նկար ունենք»:

Հետաքրքրվեցինք՝ Կարեն Սմբատյանը տեղի տալի՞ս էր պոտենցիալ գնորդի նախասիրությունների առաջ: «Բացարձակապես՝ ոչ: Ժամանակին Լոս Անջելեսից լուրջ առաջարկ կար՝ մնալ ու աշխատել այնտեղ, ինչը մեծ գումարների հետ էր կապված: Հայ թարգմանչի հետ եկել էին Հայաստան, որ պայմանագիր կնքեն: Բայց հայրս չհամաձայնեց, որովհետեւ պայմանագրում մի կետ կար, որի համաձայն՝ իրեն պետք է ասվեր, թե ինչ նկարի: Այնպես որ, նույնիսկ մեծ փողերը չստիպեցին, որ հայրս տեղի տա: Մի բան էլ՝ նա երբեք նույն նկարի այլ տարբերակը չէր անում, կամ եթե անում էր, ապա դա ինքնաբուխ էր լինում, ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31