Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «երիցուկը»

Դեկտեմբեր 15,2012 13:54

Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մինչեւ որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են՝ «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որեւէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է:

Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ՝ վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ՝ այսօր կառնեմ, կուզեմ՝ մի շաբաթ հետո, կուզեմ՝ ընդհանրապես չեմ առնի՝ ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարեւաններս ու բարեկամներս էլ «հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը»: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է՝ այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների եւ արտասահմանյան ազդակների վրա: Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեռ կարելի է հասկանալ՝ նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով՝ առանց բռնությունների եւ սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, եւ նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները:

Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները: Պարզ օրինակ. այսօր կարելի է, չէ՞, խոստովանել, որ Դաշնակցությունը փակելը սխալ էր՝ ներկայիս քաղաքական վիճակի վրա դա որեւէ բացասական ազդեցություն չի թողնի: Բայց ոչ, այդ անհեթեթ քայլն այսօր էլ է արդարացվում: Կամ ավելի թարմ օրինակ. այսօր պարզ է, չէ՞, որ ՀԱԿ-ի «բարգավաճական» խաղերն առնվազն անիմաստ էին, եւ կարելի է ասել՝ «ժողովուրդ, սխալվեցինք, մեր հաշվարկները սխալ էին»: Բայց փոխարենը առասպելներ են հյուսվում այն մասին՝ իբր ավազակապետական բուրգից մի բեկոր պոկվեց, եւ դա ՀԱԿ-ի իմաստուն քաղաքականության արդյունքն է: Սխալը պետք է խոստովանի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Լեւոն Զուրաբյանը, որի վրա անպատեհ հարձակումները վերջերս, չգիտես ինչու, շատացել են:

Բայց, ի վերջո, առաջադրվել, թե չառաջադրվել: Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում՝ երկրորդը: Պետք չէ, որ Հայաստանի առաջին նախագահը, որի ծառայությունները պետության եւ ազգի առաջ անվիճելի են, ստանա ձայների 7-10 տոկոս: Բայց ՀԱԿ-ը պետք է առաջադրի իր թեկնածուին: Այդ մասին՝ հաջորդ դասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31