«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարեւորագույն ոլորտներից է: Հայաստանում արդեն մոտ երկու տարի է, ինչ գործում է Orange Կինո աննախադեպ ծառայությունը: Մեր նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն այսօր օրեցօր ավելի ակնհայտ է դառնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիա Ժելիբտերը:
Նրա պնդմամբ Orange-ն ունի կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ: Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ ու լուրջ դպրոց.
«Մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի եւ արդեն յոթ տարի՝ բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: Մենք երջանիկ ենք լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերը արդեն երկրորդ տարին, քանի որ հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային»:
Հայկական կինոպատմության մեջ արդեն իրողություն դարձած «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. ապրիլի 13-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Կարդացեք նաև
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2011թ. Արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին, եւ 2012թ. Արտադրված բոլոր ֆիլմերը՝ առանց ժանրային սահմանափակումներ: 2013թ. կինոմրցույթը կունենա 15 անվանակարգ՝ 12-ի փոխարեն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի համոզմամբ մրցանակաբաշխությունը շարունակական բնույթ կկրի.
«Այս տարի կփորձենք առավելագույնս լավ ու կազմակերպված ներկայացնել ծրագիրը մեր հավատարիմ գործընկերոջ հետ, չնայած որ «Հայակ» կինոյի մրցանակաբաշխությունը ձեռք է բերել նոր հովանավորներ»:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի 2012թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2013թ. փետրվարի 15-ը ներառյալ, որից հետո ժյուրին փետրվարի 16-ից մինչեւ մարտի 18-ը կկազմակերպի ներկայացված ֆիլմերի նախնական դիտում եւ կընտրի հավակնորդ ֆիլմերը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ