Դեկտեմբերի 18-ին, ժամը 10-ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Նորա Էվոյանի դիմումի հիման վրա գործը: Դիմումատուն վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Կիմ Բալայանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է Ազգային ժողովը:
Վիճարկվող դրույթը վերաբերում է դատական ակտերի բողոքարկման ժամկետներին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե oրենքով այլ բան նախատեսված չէ»:
Ն. Էվոյանը ՍԴ-ին ուղղված իր դիմումում խնդրել է որոշել «գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում» դրույթի համապատասխանությունը Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերի, 20-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
Դիմումատուի կողմից նշված` Սահմանադրության վերոհիշյալ դրույթներով, մասնավորապես, սահմանվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունը, յուրաքանչյուր անձի` իր իրավունքների և ազատությունների դատական, նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, ինչպես նաև իր խախտված իրավունքները վերականգնելու, իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության, իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունքը:
Դիմումատուն նաև միջնորդություն էր ներկայացրել` մինչև ՍԴ-ում դատաքննության ավարտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմի գործողության կասեցման վերաբերյալ, ինչը ՍԴ-ի սեպտեմբերի 28-ի աշխատակարգային որոշմամբ մերժվել է` գործողության կասեցման անհրաժեշտությունը հիմնավորված չլինելու հիմքով: