Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողովը: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը նշեց, որ համաժողովը նվիրված է Հայաստանում «Ֆուլբրայթ» ակադեմիական-գիտական ծրագրի գործունեության եւ հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին: «Ծրագիրն աշխարհում հիմնադրվել է 1946թ-ին, իսկ Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Ծրագրի շրջանակում 20 տարվա ընթացքում 68 գիտնական ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ գիտական կենտրոններում անցել է վերապատրաստման կուրսեր: Ընդ որում, ծրագիրը ոչ միայն հայերի համար է, այլեւ ամերիկացիների, ովքեր կարող են գալ Հայաստանի գիտական կենտրոններում վերապատրաստվելու:
Գիտաժողովին մասնակցում է ծրագրի 20 շրջանավարտ, ինչպես նաեւ` Ամերիկայից ժամանած մի քանի գիտնականներ, ովքեր հանդես կգան գիտական զեկուցումներով: Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից, որը համախմբում է Հայաստանում ԱՄՆ շրջանավարտներին, այսինքն` նրանց, ովքեր ԱՄՆ-ում սովորել կամ վերապատրաստվել են երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերով»,-հավելեց Գևորգյանը:
Նա նշեց, որ Հայաստանի համար ծանր շրջանում` 90-ականների սկզբին, «Ֆուլբրայթը» հայ գիտնականներին հնարավորություն տվեց այսպես ասած` ճեղքել ինֆորմացիոն բլոկադան. «Ծրագիրը չնչին լումա է, որ ԱՄՆ կառավարությունը կարողանում է ներդնել Հայաստանի գիտության զարգացման գործում»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով. «Հայաստանից ԱՄՆ են մեկնում լավագույն գիտնականները: Նրանց գործունեության վերաբերյալ լավ արձագանքը մշտապես առկա է: Ծրագրի մասնակցության հնարավորություն ունեն գիտական կոչում ունեցող գիտնականներ բոլոր ոլորտներից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ