Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները պահանջում են, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2012 11:36

 Aravot.am-ը մի խումբ կոնգրեսականների հետ զրույցում հետաքրքրվեց, թե հիմա, երբ ԲՀԿ-ն դուրս եկավ ընտրապայքարից, իրենց կարծիքով ՀԱԿ-ն ունի՞ այն ներուժը՝ միայնակ շարունակելու պայքարը, հաղթելու: Նրանք միանշանակ պատասխանեցին. «Ունի: Բարին վերջը հաղթելու է, չարը պիտի տապալվի: Այսօր, վաղը, մյուս օրը՝ մենք հաղթելու ենք: Ամբողջ ժողովրդին պիտի փողոց հանել»:

Մեր հարցին՝ բայց ժողովուրդը դուրս կգա՞, որովհետեւ մարդիկ իրենց տներում բողոքում են, բայց դուրս չեն գալիս՝ ՀԱԿ անդամները պատասխանեցին, որ դանակը ոսկորին է հասել, ծայրահեղ վիճակում է ժողովուրդը. «Տեր-Պետրոսյանը եթե չընտրվի, թողնի ժողովուրդը սրանց հույսին, ամբողջ Հայաստանը կդատարկվի: Սրանց ուզածն էլ դա է»:

Հարցին՝ այսինքն, այլընտրանք չկա, պիտի առաջադրվի՞՝ նրանք պատասխանեցին՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի նման ոչ ոք չկա: Նրա գիտելիքները ոչ ոք չունի:  Լեւոն Տեր-Պետրոսյան չկա եւ ոչ մի տեղ մեր ազգի մեջ: Ոչ ոք չի կարող նրան հավասար լինի, նրա հետ բանավիճի, նրան ուղղություն ցույց տա, ամեն ինչի ճանապարհները ինքը գիտի, լուծման ճանապարհները եւ ամեն ինչը: Սրանք եթե նամուս ունենան, այդքան թալանել են՝ կկորչեն-կգնան՝ ազգն էլ կշնչի, շատ լավ կապրի»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ի քայլը չհիասթափեցրե՞ց ՀԱԿ անդամներին՝ նրանք վստահեցրին, որ ոչ՝ արդարացնելով ԲՀԿ-ին. «Ինքը լինելով կոալիցիայի մեջ՝ անգամ ուզեցավ միայն հեռանա սրանցից: Իրենք են, որ կպշկել են՝ ոչ մի կերպ չեն պոկվում: Այդ ո՞ւմ փողերն են բաժանում: Դե թող ընդդիմադիրների շուրջը մի 1000 դոլար փող պտտվի, տես ոնց են բանտի ծակերը մտցնում բոլորին: Այդքան ո՞ւմ փողերն են, ինչո՞ւ ոչ մեկը պատասխան չի տալիս»:

Կոնգրեսականները մեկ առ մեկ հիշում էին, թե խորհրդարանական ընտրություներին իրենցից ամեն մեկը ինչ խախտումներ է սեփական աչքով տեսել. «Ինձ Հանրապետականները չէին թողնում նույնիսկ, որ փողոց մտնեինք, որպեսզի ներկա-բացակա անեինք: Ասում էին՝ սա մեր փողոցն է, մի մտի՝ ամբողջ իրենց շայկայով: Էրեբունիի Մհերի հենց այն 17 դպրոցի մասնակիցների տներն եմ մտել մեկ-մեկ: Ինձ պահել էին, ասում էին՝ դու չմտնես, սա Հանրապետականներինն է: Ժողովուրդը վախեցած տներից դուրս էին թափել, չէին թողնում, որ դուրս գային»: Արդյունքում՝ ըստ կոնգրեսականի, չնայած շենքում շատ բացակայողներ կային, բայց մի մեծ ցուցակ ընտրություններում ներկա ստացավ: Կինը նաեւ պատմեց, թե ինչպես են իրեն սպառնացել. «Մհերի տղաներն ասում էին՝ տղա ունե՞ս, տղեդ ո՞վ ա՝ ասի՝ տղա չունեմ, աղջիկ ունեմ՝ հասցես էլ սա է: Եթե տղա ունես՝ խնդիր կունենաս, չնայած աղջկան էլ կարող են վնասներ տալ, բայց այդ աստիճանի չէ»:

Արաբկիր համայնքից կոնգրեսական մի պապիկ էլ պատմեց, թե ինչպես է Արաբկիրի թաղապետը իր խոսքերով՝ «թաղի խուժաններին» բերել փող բաժանել ու ասել, թե որքան ձայն պետք է ապահովեն դրա դիմաց. «Մտնում են այդ խուժանները տները, որին տալիս են 5000, որին վախեցնում են, ընտրությունների օրը դռան մոտը 50-60 հոգի հավաքվում են: Երկու մուտքանի մեր շենքում մենակ ես իմ կնոջ հետ ընտրել ենք Արամ Մանուկյանին, մնացածը ընտրել են Արտակ Սարգսյանին: Իրենց շտաբը մեր շենքի  տակն է: Մայիսի 6-ից հետո այդ շտաբից հեռու չեն գնում, շտաբը պահում են, լցված են ամբողջ օրը: Ինչ է թե Անտոնյանն ասել է՝ շտաբը պահեք՝ էլի փող եմ տալու: Այդ 10 հազարով ասում եմ ի՞նչ եք անելու, թեկուզ 1-2 ամիս եք ապրելու, բայց ազգին եք վնաս տալու,մեր երեխեքին»: Խոսքը Արաբկիրի Արամ Խաչատրյան 26/1 շենքի մասին է, որի առաջին հարկում ՀՀԿ-ի շտաբն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31